ԱՄՆ-ում բենզակիր է շուռ եկել և պայթել. մասշտաբային վթարի հետևանքով կան զոհեր և տասնյակ տուժածներ. (լուսանկարներ, տեսանյութ)

15:42 • 18.12.16

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում տեղական ժամանակով ժամը 5:00-ին ավելի քան 50 ավտոմեքենայի մասնակցությամբ մասշտաբային ճանապարհատրանսպորտահին պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու զոհ և, տարբեր տվյալների համաձայն, 15-20 վիրավոր կա:

CBS Baltimore հեռուստաալիքի հաղորդմամբ` վթարի պատճառը բենզակիրն է եղել, որը շուռ է եկել սառցակալած ճանապարհին և պայթել:

Նախնական տվյալների համաձայն` բենզակիրի վարորդը բարձրացրել է արագությունը սառցակալած ճանապարհի վրա և կորցրել փոխադրամիջոցի վերահսկողությունը: Վառելիք տեղափոխող ցիստեռնը բախվել է բաժանարար գծին և շուռ եկել, ինչից հետո պայթյուն է որոտացել:

Աղբյուրը մանրամասնում է, որ վառվող մայրուղու վրա մոտ 55 ավտոմեքենա է բախվել: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` ավտովթարի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել, այդ թվում` բենզակրի վարորդը:

Նշվում է, որ մայրուղին արգելափակված է տասնյակ ջախջախված ավտոմեքենաներով. դրանք տարհանվում են հատուկ տեխնիկայի միջոցով: