«Ես պաշտոն չեմ ստանձնում, այլ՝ առաքելություն». Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի (տեսանյութ)

15:11 • 19.12.16

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանական խմբին և կոլեկտիվին ներկայացրեց թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարին՝ Վիգեն Չալդրանյանին:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը Չալդրանյանին զգուշացրեց. «Շատ են սպասելիքները լինելու Ձեզանից»:

Նախարար Ամիրյանը նշեց, որ որոշումը կայացրել է թատրոնի կոլեկտիվը, ապա համաձայնեցվել է նախարարության հետ:

«Մենք ուզում մենք թատրոնին տալ նոր շնչառություն, թատրոնին տալ նոր խաղացանկ, միջազգային ասպարեզ դուրս բերել, որը գնահատելի լինի ոչ միայն հայ, այլ միջազգային մասշտաբով: Համոզված եմ՝ Վիգեն Չալդրանյանն իր անցած ուղով, փորձառությամբ, բարձր մասնագիտական վարպետությամբ նոր շունչ կբերի թատրոնին, կունենանք թարմացված խաղացանկ, որով կհպարտանանք բոլորս»,-ասաց Ամիրյանը:

Վիգեն Չալդրանյանն իր երախտագիտությունը հայտնեց նախարարությանը, թատերախմբին և կոլեկտիվին վստահության համար: «Ես պաշտոն չեմ ստանձնում, այլ՝ առաքելություն»,-ասաց նա, նշելով, թե այսօր չի պատրաստվում հաճոյանալ կոլեկտիվին իր ծրագրերով:

«Մեծ մարդիկ ենք, հավատում ենք գործին և ոչ թե խոսքին»,-ասաց նա:

Թատրոնի նոր գեղարվեստական ղեկավարը նշեց, որ նախարարից խնդրել են մի քանի ամիս նախապատրաստական շրջան: «Իմ նպատակն է ստեղծել առողջ ընտանիք և քայլել արվեստի ճանապարհով»,-ասաց նա և նշեց, որ թատրոնի դերասանների մի մասի հետ աշխատել է հենց այս բեմում, «Համլետի» բեմադրության ժամանակ, մի մասի հետ՝ «Վարդապետ» ֆիլում:

Թե ինչպիսին կլինի խաղացանկը, նշեց, որ ժամանակի պահանջին համահունչ ներկայացումներ կլինեն:

Թատրոնի շենքի հարցին, թե ի վերջո ինչպես է լուծվելու, նախարար Ամիրյանն ասաց, որ քննարկման փուլում է, բայց դեռ որոշում չկա:

«Որոշումը մոտ ապագայում կլինի, կտեղեկացնենք, բայց լուծումներ ունենք»,-ասաց նախարարը:

Վիգեն Չալդրանյանին հարցրեցին, թե կինոռեժիսուրան և թատրոնի ռեժիսուրան չե՞ն խանգարի իրար. նա պատասխանեց, որ իր մասին է գիրք է գրվում, որը վերնագրված է «Կինոն իմ էությունն է, թատրոնն՝ իմ տունը» վերնագրով:

«Բայց ցավոք պետք է ասեմ, որ կինոն պետք է սպասի, բնական է, որ սա շատ լուրջ հարց է, և կինոն պետք համբերի»,-ասաց նա:



«Ես պաշտոն չեմ ստանձնում, այլ՝ առաքելություն». Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի (տեսանյութ)