Ամեն օր մեր հոգու մի մասնիկը վաճառելով ողջ մնալ աշխատող գրողներս ծաղրելուց բացի ուրիշ ի՞նչ արձագանք կարող ենք տալ. Էլիֆ Շաֆաքը Թուրքիայում տիրող վիճակի մասին

16:51 • 19.12.16

Հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆաքն ամերիկյան հեղինակավոր The New Yorker-ի էջերում տեղ գտած իր նոր վերլուծական հոդվածում անդրադարձել է Թուրքիայում ազատ մամուլի լռեցմանն ու չդադարող բռնությունների թեմային: 

Շաֆաքն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիան այս տարի աշխարհում բացարձակ ռեկորդակիր է բանտարկված լրագրողների թվով և որ այս առիթից օգտվող, մինչ այդ որևէ հաջողության չհասած ու այժմ ռեժիմին հաճոյանալով կարիերա կառուցող գրողների «նոր էլիտան» չափից դուրս տխրեցնող է իր համար:

«Հուլիս ամսին իրականացված և ավելի քան 200 մարդու մահվան պատճառ դարձած արյունալի հեղաշրջման փորձը շոկային և վերին աստիճանի սխալ էր. ամեն բան է՛լ ավելի վատ վիճակի բերեց»,- գրում է նա: 


Ըստ նրա՝ ապստամբների կողմից Թուրքիայի իշխանությունների դեմ նախաձեռնված հեղաշրջման փորձն առաջինը քննադատել են լիբերալներն ու դեմոկրատները: Սակայն այդ նույն իշխանությունների կողմից առաջին պատժվողներն ու լռեցվողները եղան հենց այդ նույն դեմոկրատներն ու լիբերալները:

«Այսօր բանտում գտնվող 140-ից ավելի լրագրողներով Թուրքիան աշխարհում առաջինն է. անգամ Չինաստանին ենք անցել: Մեր ընկերներն ու գործընկերները վտարվեցին, ընդգրկվեցին «սև ցուցակում», կալանավորվեցին, բանտարկվեցին: 70-րդ տարեդարձը ճաղերի ետևում դիմավորող հարգարժան լեզվաբան Մեջմիյե Ալփայը, վիպասաններ Ասլը Էրդողանն ու Ահմեդ Ալթանը, ակադեմիկոս Մեհմեդ Ալթանը, լիբերալ սյունակագիր Շահին Ալփայը, «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն … Բանտում գտնվող գրողների և լրագրողների ցուցակը վախենալու աստիճան երկար է»,- գրում է Շաֆաքը:

Ըստ նրա՝ երկրում ազատ մամուլի լռեցման և բռնությունների մթնոլորտում թուրք գրողներն ու լրագրողներն իրավիճակին դիմագրավելու 4 հիմնական տարբերակ են կիրառում, որոնցից ամեն մեկն իր հերթին ժամանակակից թուրք գրականության մեջ նոր հոսանքների առաջացման պատճառ է դառնում:

Առաջինը՝ ապաքաղաքականացում: Շաֆաքի պնդմամբ՝ դա ինքնակամ գրաքննությունն է: Այս ճանապարհն ընտրողները նախընտրելու են այսուհետ ավելի շատ ոչ քաղաքական նյութեր հրապարակել, կսկսեն սիրո և կոտրված սրտերի մասին անվտանգ թեմաների շուրջ գրել:

Երկրորդը՝ գրվածքները չափից դուրս «ինտելեկտուալացնելն» է: Այս ճանապարհով գնացողներն ավելի խճճված ոճով են շարունակելու գրել, այսպիսով՝ հաջողացնելու են ամբողջությամբ չարտահայտելով իշխանությունների համար ոչ ցանկալի մտքերը՝ ամեն դեպքում գրել դրանք: Օրինակ՝ բռնակալին ուղիղ կերպով բռնակալ չասելու համար իրենց նախադասությունները կառուցելու են չափից դուրս երկար, բնորոշումները տալու են շատ վերացական և խճճված:

Եվս մի տարբերակ է, երբ չնայած այդ ամենին անպատրաստ լինելուն՝ ոմանք ստիպված կլինեն ստանձնել այդ սոցիալական բարդ դերն ու պայքարել ուժի, անարդարության, անհավասարության ու ճնշման դեմ:
Ըստ Շաֆաքի՝ նրանց արվեստն այս ընթացքում կարող է և՛ ծաղկել, և՛, ընդհակառակը, վնաս կրել: Ընդ որում՝ պարտադիր չէ , որ դա լինի հենց իշխանությունների մեղքով. չափից դուրս քաղաքականացված լինելը կարող է խեղդել նրանց պատմությունները պատմելու արվեստը:

Եվ չորրորդ ու վերջին տարբերակը երգիծանքն է, կտրուկ և սև հումորը:

«Ամեն օր մեր հոգու մի մասնիկը վաճառելով ողջ մնալ աշխատող գրողներս և արվեստաբաններս ծաղրելուց բացի ուրիշ ի՞նչ լավ արձագանք կարող ենք տալ այս ամենին»,- եզրափակում է Շաֆաքը:
 
Նշենք, որ 2006 թվականին Էլիֆ Շաֆաքը «Ստամբուլի բիճը» վեպի պատճառով երկու անգամ կանգնել է դատարանի առաջ։ Շաֆաքին մեղադրանք էր առաջադրվել 301-րդ հոդվածի համաձայն՝ թրքությունը վիրավորելու համար։ Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու մեղադրանքներն էլ չեղարկվել են։


Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար 42-ամյա թրքուհին ապրում է Լոնդոնում:



Ամեն օր մեր հոգու մի մասնիկը վաճառելով ողջ մնալ աշխատող գրողներս ծաղրելուց բացի ուրիշ ի՞նչ արձագանք կարող ենք տալ. Էլիֆ Շաֆաքը Թուրքիայում տիրող վիճակի մասին