Մոնիկա Բելուչին հայտնել է, որ պատրաստ է նկարահանվել ռուսաստանցի ռեժիսորների ֆիլմերում
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հայտնել է, որ պատրաստ է նկարահանվել ռուսաստանցի ռեժիսորների ֆիլմերում, հաղորդում է РИА Новости-ն:
«Ես ծանոթ եմ այնպիսի ռուսաստանցի ռեժիսորների աշխատանքներին, ինչպիսիք են Էյզենշտեյնը, Տարկովսկին, Կոնչալովսկին և Միխալկովը: Ռուսաստանում հետաքրքիր ռեժիսորներ կան: Ուրախ կլինեի դիտարկել ռուսաստանցի ռեժիսորների հետաքրքիր առաջարկները, սակայն այդպիսի առաջարկներ դեռևս չեմ ստացել», - ասել է Բելուչին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ:
Դերասանուհին նաև պատմել է, որ Մոսկվա է ժամանել երրորդ անգամ և իրեն շատ լավ է զգում Ռուսաստանում:
«Ինձ հարազատ է սլավոնական մշակույթը. այն ողբերգականի և զավեշտականի համադրություն է, գոյատևելու ունակություն և հավատ առ վաղվա օրը` անկախ ամեն ինչից»,- պարզաբանել է նա:
Նշվում է, որ դերասանուհին ժամանել է Մոսկվա ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի նոր` «Ծիր կաթին» ֆիլմը ներկայացնելու համար, որում նա խաղացել է գլխավոր կանացի դերը: Ֆիլմն էկրաններին կհայտնվի հունվարի 12-ին:










