Գյումրու Անտառավան թաղամասի 26 շենքը 400-րդ աստիճանի վթարային է, մարդիկ էվակուացնում են երեխաներին. Նաիրա Զոհրաբյան
Մինչ ԱԺ նախագահությունը քվեարկության կդներ ԱԺ այսօրվա արտահերթ նիստի օրակարգը սպառելու համար հատուկ ընթացակարգով աշխատելու ԱԺ որոշումը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ահազանգեց, որ Գյումրու Այգեստան և այլ թաղամասերի շենքերը կանգնած են փլուզման վտանգի առջև:
«4 աստիճան չէ, երևի 400 –րդ աստիճան լինի, մարդիկ էվակուացնում են երեխաներին։ Նոր տարուն գալու և կառավարության դիմաց վրաններ են խփելու, նույն վիճակում Սևերսկի թաղամասն է: Ես հնչեցնում եմ սա որպես ահազանգ, որովհետև վերջին ձնաբքի պատճառով ձյունը լցված է տները»,-բարձրաձայնեց Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ մարդիկ կանգնած են վերահաս ողբերգության առաջ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անջատեց պատգամավորի խոսափողը` հայտնելով. «Խնդրում եմ՝ ընդմիջմանը մոտենալ քննարկելու»։










