Տանս աճած ծառի ճյուղերը երեկ կտրել, վառել եմ, հարևանիս մոտ էլ մասուրի ծառ է աճում. Գյումրու Սևերսկի թաղամասի սյուրռեալիստական պատմությունները

19:00 • 24.12.16

Գյումրու Սևերսկի թաղամասի 2-րդ տան բնակիչների պատմածն  իրենց կոմունալ-կենցաղային պայմանների մասին հիշեցնում են սյուրռեալիստական սյուժեներ:

Նշված տան բնակիչներից Ժանետա Սահակյանը ամենայն լրջությամբ պատմեց, որ իր բնակարանում աճում են ծառի ճյուղեր, որոնք նախօրեին վառել ու տաքացել է, իսկ հարևանուհու մոտ, օրինակ, աճում է մասուրի ծառ:

«Իմ սենյակը ծառի ճյուղեր կան (պատից ներթափանցած-խմբ.) ես երեկ կտրտել վառել եմ, կռիշին էլ մանր ծառներ կան, միշտ կտրտել վառել եմ, որովհետև վառելիք էլ չկա, էս դատարկ սենյակս տաքացնում եմ: Ինչ վերաբերում է իմ տանս մեջ աճածին,  շենքի անկյունում առաջ եղել է ծառ, կտրել են, էդ ճյուղերն արմատները տվել, հելել են: Իսկ էն վերևն էլ` հարևանինս էլ մասուրի ծառ է աճում»,– պատմեց նա:



Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Գյումրու Անտառավան թաղամասի 26-րդ և Սևերսկի թաղամասի նշված շենքերի  բնակիչների անմխիթար  մասին ահազանգելիս նույնպես օգտագործել էր «այս մարդկանց տներում աճում են ` ծառ  սունկ» բառակապակցությունները, ու նշելով, որ 4-րդ աստիճանի վթարայնության այս շենքերն իրականում 400 աստիճանի վթարայնության են, հավելել էր.«Այնտեղ շենք չկա, երեխաներին այնտեղ պահելը վտանգավոր է և ով կարողացել է` էվակուացվել է երեխաներին»:

Տիկին Ժանետը պատմեց, որ շենքի տանիքը շատ վաղուց է եղել կիսափլուզված վիճակում,սակայն այնտեղից ջրի արտահոսքը  համեմատաբար նոր է սկսվել` արդեն 6-7 տարի:  Հենց այս խոնավությունն է, որ շենքում բուսականության փարթամ աճին է նպաստում: Նշենք, որ շենքը 1900-ականների և տեսել է 2 երկրաշարժ` 1926 թվականի և 1988-ի: 



Տիկին Ժանետան պատմեց, որ երեկ դժբախտություն է պատահել 3 ամսական հղի հարսի հետ, որը բժշկական կոնսուլտացիայից հետո փողոցում սայթաքելով` կոտրել է կողերը, կորցրել` երեխային ու հիմա ապաքինվում է հորական տանը, քանի որ Սևերսկու իրենց տանը ոչ թե հիվանդ, այլ առողջ մարդիկ են հիվանդանում:

«Տղես էլ է գնացել, ես եմ մնացել էս մի սենյակի մեջ ադյալ եմ մխել, կապրիմ: Հավատաս գը «գարդերոբի» մեջը մեշոկով  կարտոշկա էի պահում, ախպորս գերեզման, էսօր հանեցի, որ խաշեմ, ուտեմ, տեսա տանս մեջը ցրտահարվել է»,- պատմեց տան բնակչուհին` նշելով, որ ցրտից պայթել են նաև ամռանը պայածոյացված ապակյա տարաները:




Այս պայմաններում ընտանիքը չի էլ մտածում Ամանոր նշելու մասին: Հարցին, թե Գյումրու քաղաքապետարանը որևէ կերպ չի՞ արձագանքում, տիկին Ժաննան պատմեց, որ մի անգամ Վարդան Ղուկասյանի քաղաքապետության օրոք եկել են, գնահատել, հաշվել, որ տանիքի վերանորագման համար անհրաժեշտ է 200 հազար դրամ, և նախկին քաղաքապետն առաջարկել, որ բնակիչները տրամադրեն 100 հազար, իրենք էլ մյուս 100 հազարը և վերանորեգեն, սակայն բնակիչները ո՛չ հիմա, ո՛չ այն ժամանակ չեն կարողացել իրենց մասնաբաժինը հավաքել:

«Բաժնված, 4 էրեխեքը վրես, ես որտեղի՞ց 100 հազար տամ»,- ասաց նա:

Նրա հարևանուհի տիկին Կարինեն էլ Tert.am–ին հարցին, թե կարո՞ղ եք նկարագրել, թե ինչ պայմաններում եք ապրում, ասաց.«Մեր վիճակն աննկարագրելի է, ինչը նկարագրեմ. մի թաղամասում, որ ո՛չ ջուր լինի, ո՛չ կոյուղի, կռիշները` փլված, զուգարանը դրսում է, երկրորդ հարկից դուրս եմ գալիս, գնում զուգարան»:




Տիկին Կարինեն,որը 1978-ից  բնակվում է սույն շենքում պատմեց, որ ով հնարավորություն ունի, տեղափոխվել, այլ շենքերում վարձով է ապրում: Ըստ նրա՝ իրենք անտերության մատնված են, մոռացված:

«Մենակ ժամանակ առ ժամանակ, ընտրությունների ժամանակ գալիս են, սարեր են խոստանում ու գնում են, գնում ու գնում են»,-ասաց տիկին Կարինեն։