Սպենդիարյանի տուն-թանգարանում մրցանակներ են հանձնել մշակութային հաստատության աջակիցներին

17:23 • 24.12.16

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում դեկտեմբերի 24-ին  տեղի ունեցավ տարեվերջյան մրցանակաբաշխություն, որի ընթացքում մրցանակներ են ստացել թանգարանում կամավորական աշխատանքներ իրականացրած եւ ամենից շատ այցելություններ կազմակերպած անձիք:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշել է տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, այս միջոցառման նպատակն է երախտիքի և շնորհակալության խոսքեր հայտնել այն մարդկանց, ովքեր 2016 թվականի ընթացքում իրենց ակտիվ գործունեությամբ  նպաստել են տուն-թանգարանի մշակույթային կյանքի ակտիվացմանը:

«Նման միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում թանգարանում: Մենք կարևորել ենք դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների մանկավարժների ավանդը, որոնք ամեն ինչ անում են Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգությունը  փոխանցելու երիտասարդ  սերնդին»,- ընդգծել է Օթարյանը:

Մրցանակները սահմանված են 13 անվանակարգերում` «ամենաակտիվ աշակերտ», «ամենաակտիվ ուսանող», «ամենաակտիվ հանրակրթական դպրոց», «ամենաակտիվ երաժշտական դպրոց», «աջակից ուսուցիչ», «ամենաարդյունավետ համագործակցություն», «աջակից դասախոս», «աջակից լրատվամիջոց», «աջակից լրագրող», «թանգարանի նոր բարեկամ», «թանգարանի նոր գործընկեր», «թանգարանի վիրտուալ բարեկամ» և երեք հատուկ մրցանակ ակտիվ գործունեության համար:

Միջոցառման ընթացքում իրենց երաժշտական հմտություններն են ներկայացրել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները:

1959 թվականին Մարինա և Տատյանա Սպենդիարովաները, այցելելով Հայաստան և տեսնելով հայ ժողովրդի ջերմ սերը կոմպոզիտորի ստեղծագործությունների նկատմամբ, ցանկություն են հայտնում հոր երևանյան բնակարանը վերածել տուն-թանգարանի։   Տուն-թանգարանը բացվում է 1967 թվականին։ Հայաստանում առաջին երաժշտական հուշային թանգարանն է։

 

 

 

 

Սպենդիարյանի տուն-թանգարանում մրցանակներ են հանձնել մշակութային հաստատության աջակիցներին