Հոլանդիայում բոլոր գնացքներն այժմ աշխատում են քամու գեներատորների արտադրած էլեկտրականությամբ

16:26 • 11.01.17

Հոլանդիայում բոլոր գնացքներն այժմ աշխատում են քամու գեներատորների միջոցով արտադրված էլեկտրականությամբ: Այդ մասին հաղորդում է The Guardian թերթը՝ վկայակոչելով Nederlandse Spoorwegen պետական երկաթուղային ընկերությանը:


«Հունվարի 1-ից մեր գնացքների 100 տոկոսն աշխատում են քամու էներգիայով»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչ Թոն Բոոնը:


Հոլանդական Eneco ընկերությունը հաղթել է երկու տարի առաջ Nederlandse Spoorwegen-ի հայտարարած տենդերը և 10 տարվա պայմանագիր է կնքել:


Բոլոր գնացքների՝ քամու էներգիայի անցնելը ենթադրվում էր 2018 թվականի հունվարին, բայց մասնագետները խնդիրը լուծել են մեկ տարի ավելի շուտ: Ինչպես նշում է Բոոնը, դրան նպաստել է երկրում և Նիդեռլանդների ափին հողմաղացների թվի աճը:


Ինչպես հայտնում են Eneco-ի և Nederlandse Spoorwegen-ի ներկայացուցիչները, մեկ հողմաղացի աշխատանքը մեկ ժամվա ընթացքում կարող է ապահովել 200 կիլոմետր հեռավորության վրա մեկ գնացքի շարժը: Մեկ օրվա ընթացքում Nederlandse Spoorwegen-ը տեղափոխում է ավելի քան մեկուկես միլիոն ուղևոր՝ 5,5 հազար գնացքներով: Մինչ 2020 թվականն ընկերությունը հույս ունի նվազեցնել էներգիայի ծախսը մեկ ուղևորի դիմաց 35 տոկոսով՝ 2005 թվականի համեմատ:

 

 

Հոլանդիայում բոլոր գնացքներն այժմ աշխատում են քամու գեներատորների արտադրած էլեկտրականությամբ