Արբանյակը լուսանկարել է արկտիկական կայան ուղևորվող քարավանը (լուսանկար)

15:54 • 12.01.17

Եվրոպական տիեզերական գործակալությունը լուսանկար է հրապարակել, որում երևում է արկտիկական կայան ուտելիք և սարքավորում առաքող քարավանը:

Gazeta.ru-ի հաղորդմամբ` լուսանկարն արվել է ֆրանսիական Pleiades արբանյակի միջոցով՝ 700 կիլոմետր բարձրությունից: Քարավանը նկարահանվել է հարավային բևեռից 2.600 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոնկորդիա կայան տանող հազար կիլոմետրանոց ճանապարհի վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ քարավանը դուրս է եկել Դյումոն Դ՚Յուրվիլ կայանից: Ուղևորությունը մինչև Կոնկորդիա զբաղեցնում է 10 օր. այդ ընթացքում քարավանը բարձրացել է ավելի քան 3 կիլոմետր բարձրության վրա: Քարավանի կազմում եղել են քարշակներ, որոնք բեռնված են եղել 300 տոննա վառելիքով, ուտելիքով և սարքավորումներով:

Նշվում է, որ Կոնկորդիան գտնվում է ծովի մակարդակից 3.200 մետր բարձրության պլատոյի վրա: Ձմռանն օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -80 աստիճան:

Կայքի հաղորդմամբ` կայանը հետաքրքրում է Եվրոպական տիեզերական գործակալությանը, քանի որ այնտեղ կյանքի պայմանները նման են տիեզերանավի թռիչքի պայմաններին և այլ մոլորակի վրա կյանքին. կայանի թիմն ամիսներով ապրում է մեկուսացման մեջ և առանց արևի լույսի: Ամեն տարի կայանն այցելում է գործակալության կողմից հովանավորվող բժիշկը, որը զննում է թիմի անդամներին և փորձարկումներ կատարում նրանց վրա:

 

Արբանյակը լուսանկարել է արկտիկական կայան ուղևորվող քարավանը (լուսանկար)