Lotus-ը ներկայացրել է «սուպերքարերի կործանիչի» առավել էքստրեմալ տարբերակը
Lotus ընկերությունը ներկայացրել է Exige Sport 380 մոդելի մրցարշավային տարբերակը, որը ընկերությունում անվանում են «սուպերքարերի կործանիչ»:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նորագույն մոդելը համալրված է V6 շարժիչով և մեկ տոննայից էլ քիչ է կշռում: Ճանապարհային մոդելի քաշը կազմում է 1066 կգ, մինչդեռ մրցարշավային տարբերակը 68 կգ-ով ավելի թեթև է: Հայտնի է, որ Exige Race 380-ը զինված է պոլիկարբոնատից պատրաստված կողային ապակիներով, իսկ թափքի որոշ տարրեր պատրաստված են ածխածնից:
Նորագույն մոդելը շարժման մեջ է դնում 3.5 լիտր ծավալով V6 շարժիչը, որը 380 ձիաուժ հզորություն է զարգացնում և աշխատում է Xtrac 6 աստիճան հաջորդական փոխանցման տուփի հետ միասին:
100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 3.2 վայրկյանում: Lotus ընկերությունն արդեն պատվերներ է ընդունում մրցարշավային մոդելի համար, իսկ մեքենայի արժեքը մեկնարկում է 115 000 եվրոյից:












