Facebook-ը Գերմանիայում կեղծ լուրերի դեմ պայքարի համակարգ է ներդնում

15:25 • 16.01.17

Facebook ընկերության գերմանական հատվածում կհայտնվեն հատուկ մեխանիզմներ՝ կեղծ նորությունների դեմ պայքարի համար: Այդ մասին հայտնել է սոցիալական ցանցի ղեկավարությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ընկերության հայտարարության համաձայն՝ գերմանացի օգտատերերն ավելի հեշտորեն կկարողանան հայտնել այն մասին, որ այս կամ այն նորությունը, նրանց կարծիքով, չի համապատասխանում իրականությանը:


Facebook ընկերությունը հայտնել է նաև, որ նորությունների ստուգմամբ կզբաղվի հատուկ դրա համար վարձած կողմնակի ընկերություն:


Ոչ վստահելի նորությունները կնշվեն հատուկ նշանով:


Սպասվում է, որ նոր մեխանիզմը կսկսի գործել Գերմանիայում առաջիկա շաբաթներին, իսկ ժամանակի ընթացքում նմանատիպ միջոցներ կկիրառվեն նաև այլ երկրներում:


Գերմանիայում այս տարվա սեպտեմբերին ընտրություններ են անցկացվելու: Շատ գերմանացի քաղաքական գործիչներ մտավախություն ունեն, որ ընտրություններից առաջ սոցիալական ցանցերում կհայտնվեն բազմաթիվ կեղծ տեղեկություններ:


Գերմանական ԶԼՄ-ները հայտնել են օրենքի նախագծի մասին, որը ենթադրում է կեղծ նորությունները չհեռացրած սոցիալական ցանցերի համար տուգանքների սահմանում:


Գերմանացի քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ ռուս հաքերները կարող են միջամտել ընտրական գործընթացին։ 

Facebook-ը Գերմանիայում կեղծ լուրերի դեմ պայքարի համակարգ է ներդնում