Ցուկերբերգը կարող է իր թեկնածությունն առաջադրել 2024թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում. լրատվամիջոցներ

16:36 • 16.01.17

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր նախագահ Մարկ Ցուկերբերգը, կարող է 2024թ. ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը:


Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով երիտասարդ միլիարդատիրոջ մոտ գործընկերներին և ընկերներին:


Facebook-ի աշխատողների խոսքերով՝ Ցուկերբերգը հաճախ է ասում, որ ուզում է «կայսր դառնալ» և մեջբերումներ է անում հին հունական լեգենդներից:


Ցուկերբերգի ընկերները նշում են, որ միլիարդատերն ունի բնավորության այնպիսի գծեր, որոնք խիստ համապատասխան են քաղաքականության մեջ բարձունքների հասնելու համար: Նշվում է, որ 32-ամյա Ցուկերբերգն ի ծնե առաջնորդ է ու սիրում է մարդկանց իր հետևից տանել:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Ցուկերբերգն ասել էր, որ 2017թ. պատրաստվում է այցելել ԱՄՆ յուրաքանչյուր նահանգ:


«2017 թվականին իմ անձնական նպատակն է այցելել ԱՄՆ յուրաքանչյուր նահանգ, հանդիպել, զրուցել մարդկանց հետ, պարզել՝ ինչպես են նրանք ապրում, աշխատում ու ինչ են մտածում ապագայի մասին»,-նշել է Facebook-ի ղեկավարը:

 

Ցուկերբերգը կարող է իր թեկնածությունն առաջադրել 2024թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում. լրատվամիջոցներ