Լուկաշենկոն Viber-ը բելառուսական արտադրանք է անվանել. լրատվամիջոցներ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Կահիրեում բելառուսա-եգիպտական գործարար համաժողովի բացմանը, նշել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում բելառուսական արտադրանքների բարձր պոտենցիալը՝ ընդգծելով, որ դրանց թվում է մասնավորապես Viber հայտնի մեսենջերը, գրում է «БелТА»-ն:
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսն այսօր մեծ պոտենցիալ ունի ոչ միայն մեքենաշինության, գյուղատնտեսական տեխնիկայի և թեթև արդյունաբերության տարբեր տեսակների արտադրության, այլև բարձր տեխնոլոգիաների, գիտության և ծրագրային ապահովման ստեղծման ոլորտում:
«Եվրոպական պետությունների շրջանում Բելառուսը զբաղեցնում է առաջատար դիրքեր բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Վստահ եմ, որ ձեզանից շատերն արդեն օգտագործում են մեր ծրագրավորողների ծրագրային ապահովումը: Այնպիսին, ինչպիսին, օրինակ, Viber հավելվածն է»,- ասել է Լուկաշենկոն:
izvestia.ru կայքը նշում է, որ Viber-ի սեփականատերը Viber Media միջազգային ընկերությունն է, որի գլխավոր գրասենյակը Լյուքսեմբուրգում է: Viber-ի ծրագրավորման կենտրոնները գտնվում են Բելառուսում՝ Մինսկում և Բրեստում: Ծրագրավորման կենտրոններ են ստեղծվել նաև Իսրայելում:










