Չինաստանում շահագործման է հանձնվել քվանտային կապի աշխարհի առաջին արբանյակը
Չինաստանը շահագործման է հանձնել քվանտային կապի աշխարհի առաջին արբանյակը, որը կոչվում է «Մո Ցզի»: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Չինաստանի միջազգային ռադիոյին:
Նշվում է, որ արբանյակի մշակումը սկսվել է 2011 թվականին, իսկ մեկնարկն իրականացվել է անցած տարվա օգոստոսին` Գանսու նահանգի Ցզյուցուան տիեզերակայանից:
Ռադիոյի տվյալներով` արբանյակն ավարտել է փորձարկումներն ուղեծրի վրա և շահագործման հանձնվել հունվարի 18-ին:
Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Պան Ցզյանվեկը պատմել է, որ արբանյակի բոլոր համակարգերն աշխատում են կանոնավոր կերպով: Նրա խոսքերով` մինչև 2030 թվականը Չինաստանը կարող է ստեղծել քվանտային կապի գլոբալ ցանց:










