Փոլ Մաքարթնին փորձում է Sony-ից դատարանի միջոցով ստանալ «Բիթլզ»-ի երգերի իրավունքները

15:08 • 19.01.17

Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքարթնին հայց է ներկայացրել Նյու Յորքի դատարան Sony/ATV ձայնագրման ընկերության դեմ՝ փորձելով վերադարձնել «Բիթլզ»-ի երգերի հեղինակային իրավունքները: Դրանց թվում են հայտնի խմբի գլխավոր հիթերից մի քանիսը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Խմբի նախկին անդամի հայցում նշված են մի շարք երգեր, այդ թվում՝ Love Me Do և I Want to Hold Your Hand երգերը, որոնց իրավունքները 1985 թվականին գնել էր Մայքլ Ջեքսոնը: Ջեքսոնի մահից հետո իրավունքները գնել էր Sony Corporation-ը:


Հայցում նշվում է, որ Մաքարթնին 2008 թվականից բազմիցս Sony/ATV-ին տեղեկացրել է 1962-1971 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Ջոն Լենոնի հետ համահեղինակությամբ գրված մի շարք երգերի իրավունքները վերադարձնելու մտադրության մասին: Հայցում նշվում է, որ Sony-ն հրաժարվել է ճանաչել այդ երգերի համար Մաքարթնիի իրավունքները:

Փոլ Մաքարթնին փորձում է Sony-ից դատարանի միջոցով ստանալ «Բիթլզ»-ի երգերի իրավունքները