Rammstein-ի մասին ֆիլմն էկրաններ դուրս կգա մարտին
Գերմանական Rammstein ռոք խմբի մասին վավերագրական ֆիլմն էկրաններ դուրս կգա մարտի 23-ին, հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի ռեժիսորը «Գրեմի» մրցանակի դափնեկիր, շվեդ Յունաս Օքերլունդն է: Նա հայտնի է Մադոննայի Ray of Light և Լեդի Գագայի Paparazzi երգերի տեսահոլովակները հեղինակելու համար: Դրանից բացի, Օքերլունդը հայտնի է Թեյլոր Սվիֆթի, Բեյոնսեի և Jay Z-ի համար համերգային ֆիլմեր նկարահանելու համար:
Նշվում է, որ ֆիլմը կոչվում է «Rammstein. Փարիզ», քանի որ նկարահանումներն անցկացվել են, երբ խումբը 2012 թվականին համերգներ է տվել Փարիզում: Շոուն նկարահանվել է 30 տեսախցիկի օգնությամբ:
Ռեժիսորի խոսքերով` մոնտաժի համար պահանջվել է ավելի քան մեկ տարի:










