Հանրապետականների հետ միշտ ինչ-որ դժվարություններ ունեցել ենք. Սուրեն Սարգսյանը Թրամփի երդմնակալության մասին

21:31 • 23.01.17

Մուտքն ազատ էր և արդեն հայտնի է, որ տարբեր հաշվարկներով ԱՄՆ նորանշանակ նախագահի երդմնակալության արարողությանը ներկա էր մոտ 1 միլիոն մարդ․ այս մասին Tert.am-ին պատմեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը ներկա գտնված քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Ոչ մի երկրի դրոշ չեմ տեսել, բոլորը եկել էին երդմնակալության արարողությանը և համարում էին, որ դա իրենց արժեքների հաղթանակն է՝ պահպանողականների հաղթանակը լիբերալիզմի նկատմամբ»,- ասաց նա պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կային այլ երկրների համայնքներ կամ ներկայացուցիչներ, որոնք առավել ակտիվություն էին դրսևորում երդմնակալության արարողությանը:

Նա նշեց, որ ըստ նախատեսվածի՝ ոչ մի պետության ղեկավար միջոցառմանը պաշտոնապես չէր հրավիրել:

«Հրավիրվել են միայն Վաշինգթոնում հավատարմագրված երկրների դեսպաններն ու միջազգային կառույցների ղեկավարները: Այդ թվում նաև՝ Հայաստանի Հանրապետության դեսպանն էր այնտեղ,- ասաց նա,-տեղեկություններ հայտնվեցին, որ Թուրքիայի արտգործնախարարն է մեկնել Վաշինգտոն՝ մասնակցելու երդմնակալության արարողությանը: Ես կարծում եմ, որ անհատական հրավեր է։ Բայց փաստը մնում է փաստ, որ նա, ունենալով լավ կապեր Թրամփի վարչակազմի հետ, կարողացել է գնալ, մասնակցել երդմնակալության արարողությանը»:

Սուրեն Սարգսյանը նշեց, որ որքանով որ ինքն է տեղյակ, հայկական կազմակերպությունները Թրամփի երդմնակալությանը մասնակցելու առանձին հրավեր չէին ստացել:

«Հայկական համայնքները ընտրություններում հիմնականում դեմոկրատներին են աջակցել: Հանրապետականների հետ միշտ ինչ-որ դժվարություններ ունեցել ենք: Նույն իրավիճակն էլ հիմա է,-ասաց նա՝ նշելով, որ միևնույն ժամանակ համայնքում կան մարդիկ, որոնք լուրջ կապեր ունեն հենց Հանրապետական կուսակցության անդամների հետ,- այդ հայերին պետք է օգտագործել, որ հնարավորություն ընձեռվի, որ ավելի սերտ և ուղիղ կապ հաստատվի Սպիտակ տան կամ Թրամփի վարչակազմի հետ»:

Միևնույն ժամանակ, Սուրեն Սարգսյանը նկատեց, որ մեր համայնքի անդամները պրոֆեսիոնալ են և ճանապարհներ կգտնեն Թրամփի վարչակազմի հետ մտերմանալու:

Անդրադառնալով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությանը, որով կոչ էր արվում հայերին՝ դիմել Թրամփին Հայաստանին աջակցության համար՝ նա նշեց, որ դա առանձնապես լուրջ քայլ չէ, պարզապես ակցիա է, որով բարձրաձայնվում են հայկական համայնքին հետաքրքրող խնդիրները:

Նա հիշատակեց, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայկական որևէ մեծ կազմակերպություն չի աջակցել հանրապետական Թրամփին, դեմոկրատ Քլինթոնին էլ համայնքի կազմակերպություններից աջակիցներ չեն եղել:

«Գոնե երկու մեծ կազմակերպություններից մեկը կարող էր աջակցել Թրամփին, մեկն էլ՝ Քլինթոնին: Այդ դեպքում, ցանկացած հաղթանակի ժամանակ մեր՝ ադմինիստրացիայի վրա ազդեցությունը շատ ավելի մեծ կլիներ, քան մենք այսօր ունենք,- նշեց Սուրեն Սարգսյանը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ հայկական կազմակերպություններն ակտիվ աշխատում են ազդեցության մեծացման վրա և շուտով այն կունենան,- Թրամփն ընդհանրապես տեղյակ չէ մեր տարածաշրջանից, մեր խնդիրներից: Շատ արագ այդ մասին տեղեկատվություն ձևավորելու վրա կաշխատեն թուրքերն ու ադրբեջանցիները: Առաջինն ով խնդիրը ներկայացնի Թրամփին, նա շանսեր ունի բարիդրացիական հարաբերությունները շեղելու իր կողմը»: