Հայկական ծագումնաբանական երկրորդ համաժողովը կանցկացվի մարտին՝ ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում

23:30 • 24.01.17

Անցյալ տարի ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում անցկացվել է հայկական ծագումնաբանական առաջին համաժողովը:

The Armenian Weekly-ի հաղորդմամբ` երկրորդ համաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարվա մարտի 17-19-ին ամերիկյան Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում: Երկօրյա համաժողովը կանցկացվի Միչիգան-Դիրբորնի համալսարանի Հայկական հետազոտությունների կենտրոնում: Միջոցառումը նախատեսված է համայնքի բոլոր տարիքի անդամների համար:

 Համաժողովի նպատակն է օգնել հայ համայնքի անդամներին հետազոտական մեթոդների միջոցով և ծագումնաբանների օգնությամբ խորն ուսումնասիրել իրենց արմատները, բացահայտել իրենց նախնիներին:

Համաժողովի հիմնական թեման կլինի Հայկական ծագումնաբանության տեսությունը ներկայացնելը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և թաքնված հայերի մասին հատուկ ծրագրեր ներկայացնելը: