Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է ստորագրել Աստանայում հանդիպման արդյունքներով եզրափակիչ կոմյունիկեն

13:08 • 24.01.17

Աստանայում ընթացող բանակցություններում Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը չի ստորագրի զինադադարի երաշխավոր երկրների եզրափակիչ կոմյունիկեն: Այդ մասին հայտարարել է բանակցություններում ընդդիմության պատվիրակության պաշտոնական ներկայացուցիչ հանդես եկող Յախյա ալ-Արիդին, գրում է ТАСС-ը:


«Կոմյունիկեն չի ստորագրվի: Երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և, հնարավոր է, Իրանը, պարզապես կտարածեն փաստաթուղթը»,- ասել է նա:


Սիրիական պատվիրակությունում ТАСС-ի աղբյուրի տեղեկություններով՝ Սիրիայի կառավարության ներկայացուցիչները նույնպես չեն նախատեսում ստորագրել կոմյունիկեն:


Յախյա ալ-Արիդին նաև հայտնել է լրագրողներին, որ սիրիական ընդդիմության պատվիրակությունը թերահավատություն է հայտնել Սիրիայում հրադադարի մասին բանակցությունների հաջողության առնչությամբ:


Միևնույն ժամանակ, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան նշել է, որ կողմերը մոտ են Աստանայում հանդիպման եզրափակիչ փաստաթղթի համաձայնեցմանը: