Չինաստանը միջմայրցամաքային հրթիռներ է տեղակայել ՌԴ սահմանների մոտ. Global Times
Չինաստանը սեփական արտադրության DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ռուսաստանի հետ սահմանի մոտ՝ Հեյլունցզյան նահանգում, գրում է Global Times-ը:
Հաղորդվում է, որ որոշ ժամանակ առաջ համացանցի չինական հատվածում հրապարակվել են նորագույն հրթիռային համալիրների լուսանկարները:
Նշվում է, որ լուսանկարների հրապարակումը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հետ՝ որպես Պեկինի արձագանք «միասնական Չինաստանի» քաղաքականության մասին երկրի նոր ղեկավարի սադրիչ հայտարարություններին:
«Չինաստանի միջուկային պոտենցիալն այնքան ուժեղ պետք է լինի, որ աշխարհում ոչ մի երկիր չհամարձակվի ռազմական բախման գնալ նրա հետ ցանկացած հանգամանքներում և որպեսզի Չինաստանը կարողանա պատասխան հարված տալ այն զորքերին, որոնք սադրում են նրան»,- գրում է լրատվամիջոցը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ չինական ԶԼՄ-ների կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կրակի հետ է խաղում»՝ հարաբերություններ պահպանելով Թայվանի հետ:










