Իրանը կշարունակի Սիրիային ուղղված օգնությունն ահաբեկչության դեմ պայքարի հարցում. իրանցի պաշտոնյա
Իրանը հանդես է գալիս սիրիական և տարածաշրջանային այլ խնդիրների դիվանագիտական լուծման օգտին, սակայն չի հրաժարվի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Սիրիային տրամադրվող օգնությունից: Այդ մասին հայտարարել է իրանական խորհրդարանի խոսնակի խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, գրում է Интерфакс-ը:
«Մենք հավատում ենք, որ դիվանագիտական ճանապարհը միակն է սիրիական ճգնաժամի հաղթահարման համար, բայց այդ հանգամանքը մեզ չի ստիպի հրաժարվել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում տրամադրվող օգնությունից»,- ասել է նա իրանցի լրագրողներին Լիբանանի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերիի հետ հանդիպման արդյունքներով:
Ավելի վաղ իրանցի քաղաքական գործիչը բարձր է գնահատել Աստանայում Սիրիայի հարցով հանդիպումը:
Թեհրանում Սիրիական Արաբական Հանրապետության դեսպանի հետ հանդիպմանն Աբդոլահիանը նշել է, որ Աստանայում բանակցություններն ահաբեկչության դեմ սիրիացի ժողովրդի պայքարն ուժեղացնելու հնարավորություն են:










