Շոտլանդացի կատակերգուի թվիթերյան գրառումը Թրամփի երդմնակալության մասին զայրացրել է ամերիկացիներին
Շոտլանդացի կատակերգու Բրայան Լիմի Լիմոնդը կատակ է արել Դոնալդ Թրամփի երդմնակալության վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ում բնակվող նրա հետևորդներից ոմանք զվարճալի չեն համարել այն:
«Անհամբերությամբ սպասում եմ Թրամփի սպանու… երդմնակալությանը», - գրել էր Լիմոնդը Թրամփի երդմնակալության արարողության նախօրեին:
Lenta.ru-ն գրում է, որ Լիմոնդն ավելի քան 265 հազար հետևորդ ունի Twitter-ում, և նրանց թվում ամերիկացիներ կան, որոնցից շատերը բացասաբար են արձագանքել նրա գրառմանը: Նրան հոգեկան հիվանդ են անվանել, իսկ Թրամփի աջակիցները գրառումը դիտել են որպես սպառնալիք և հիշեցրել, որ նախագահի հասցեին հնչեցված նման արտահայտությունները քրեորեն պատժելի են:
Նշվում է, որ սոցցանցի օգտատերերը կոչ են արել կալանավորել Լիմոնդին` սպանության վերաբերյալ կատակ անելու համար, սակայն բրիտանացիները կոպտորեն հիշեցրել են, որ ԱՄՆ օրենքները չեն գործում Միացյալ Թագավորության տարածքում: Այդ ժամանակ ամերիկացիները ենթադրություն են արել, որ կատակերգուին արժանի պատիժ կլիներ նրան ԱՄՆ արտահանձնելը, որտեղից նրան հնարավոր կլիներ տեղափոխել Գուանտանամոյի բանտ:
Կատակերգուն երգիծանքով է վերաբերվել իր գրառման շուրջ ծագած քննարկմանը: Ավելի ուշ նա նոր գրառում է արել Twitter-ում` հարցնելով. «Այս կոստյումը գիրացնո՞ւմ է ինձ»:










