Հարկավոր է պետության տեսլական՝ հայկական կինոյի զարգացման մասին. կինոգետ (տեսանյութ)
Հայկական կինոարտադրության բնագավառում փոփոխություններ անհրաժեշտ են: Անկախության 25 տարիների ընթացքում կինոյի զարգացումը թերի էր ընթանում: Tert.am-ի հետ զրույցում ասաց կինոգետ Մելիք Կարապետյանը:
Խոսելով ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարության մասին, թե տարեսկզբից կլուծարվեն նախարարության կազմում գործող մի քանի ՊՈԱԿ-ներ, կլուծարվի նաև Ազգային կինոկենտրոնը, կփոխվի կինոյի ոլորտի կառավարման ձևը, Մելիք Կարապետյանն ասաց, որ իր համար անհասկանալի է, թե կոնկրետ ինչ փոփոխություններ է նախաձեռնում գերատեսչությունը, բայց կրկնեց, որ դրանց անհրաժեշտությունը կա:
«Հստակ ու պարզ ծրագիր պետք է լինի, որ երևա՝ ինչ քայլեր են արվելու, դրանք ինչպես են նպաստելու ոլորտի զարգացմանը: 2000-աններին «Հայ ֆիլմ»-ը սեփականաշնորհվեց, դարձավ մասնավոր միավոր և այդպիսով պետությունը որոշեց, որ կինոարտադրությունը մասնավոր պետք է լինի: Ստեղծվեց «Կինոկենտրոն»-ը, որը գումարներ էր բաշխում: Ամենամեծ սխալն այն եղավ, որ փոփոխությունը կիսաթերի էր. գումար բաշխողն ու արտադրողը նույն մարմինն էր, ինչի հետևանքով շահերի բախում առաջացավ:
Եթե փոփոխությունն արվում է հենց այս համակարգում, դա հասկանալի է, բայց եթե պետությունը նորից հետ է գնում կինոարտադրության պետական համակարգի, ապա այս մասին հայտարարել է պետք, բացատրություն տալ է պետք, թե ինչո՞ւ պետությունը մինչև սեփականաշնորհումը արտադրում էր, բայց վատ, իսկ հիմա լա՞վ է արտադրելու: Սա այն հարցն է, որը պետք է տալ նախարարին»,- նշեց կինոգետը:
Մելիք Կարապետյանի խոսքով՝ հարկավոր է պետության տեսլական՝ հայկական կինոյի զարգացման մասին: Ըստ նրա՝ խնդիրը գլոբալ է, կինոդպրոցներից մինչև արտադրություն:
Մանրամասները՝ տեսանյութում։










