«Պետք է տալ հանցագործի վարքագծի գնահատականը». Մ. Մելքումյանը ԵԽԽՎ-ում Բաքվի ագրեսիան դատապարտելու կոչ է արել

16:35 • 24.01.17

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով 2016 թվականի դեկտեմբերի 29-ին առավոտյան Չինարի գյուղի մոտակայքում ադրբեջանական զորքերի դիվերսիոն գործողություններին։

Իր ելույթում նա մասնավորապես ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

2016 թվականի դեկտեմբերի 29-ին առավոտյան Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում Չինարի գյուղի մոտակայքում հայ-ադրբեջանական պետական սահմանում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն հարձակման և ներթափանցման փորձ:

Հայկական կողմն արժանի հակահարված է հասցրել հակառակորդին, սակայն, ցավոք, ունի երեք զոհ՝ մեկ սպա և երկու զինվոր:

Ընդ որում՝ պետական սահմանի այդ հատվածում չկա և ոչ մի ռազմական օբյեկտ, դրա փոխարեն գնդակոծվել են սահմանից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող դպրոցը և մանկապարտեզը:

Այսպիսով, խախտվել են խաղաղ բնակչության իրավունքները: Հայաստանի տարածքում գտնվել է նաև հակառակորդի զոհերից մեկի դին:

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հայտնվել հակառակորդի դիակը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Փաստորեն, Ադրբեջանի և Ալիևի հանցագործ իշխանությունը հերթական դավադիր և նենգ քաղաքականությունն է իրականացնում: Սակայն ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, եթե ոչ միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, այդ թվում և՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը:

Ո՞վ պետք է պատասխան տա զոհվածների ծնողներին և հարազատներին:

Ես հարցնում եմ դահլիճում նստած յուրաքանչյուրին: Եթե Ձեր զավակներն այդպես զոհվեին, Դուք ի՞նչ կանեիք:

Այո: Եվ պատահական չէ, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրող և հետաքննություն իրականացնող սարքերի և տեխնիկական միջոցների ներդրմանը կտրուկ դեմ է Ադրբեջանի իշխանությունը, որովհետև մշտապես նա է խախտումներ իրականացնում:

Ուրեմն, պետք է բռնել այդ ձեռքը և տալ հանցագործի վարքագծի իրավական և քաղաքական գնահատականը»: