Ամերիկյան շոուի սցենարի հեղինակին ազատել են աշխատանքից Թրամփի որդու մասին կատակ անելու համար
Ամերիկյան NBC հեռուստաալիքի Saturday Night Live շոուի սցենարի հեղինակ Քեյթի Ռիչն ազատվել է աշխատանքից, երբ Twitter-ում վիրավորական գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդի Բարոնի մասին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:
«Բարոնը կլինի այս երկրի առաջին դպրոցական հրաձիգը, որն ուսումը ստանում է տանը», - գրել է Ռիչը:
Նշվում է, որ սոցցանցերի օգտատերերը խստորեն դատապարտել են Ռիչին նրա խոսքերի համար. Բարոն Թրամփի համար բարեխոսել է նաև Հիլարի Քլինթոնի դուստր Չելսին:
Դրանից հետո Ռիչը հեռացրել է գրառումն ու ապաակտիվացրել իր հաշիվը, սակայն հետո կրկին ակտիվացրել է այն` հայտնելով, որ ցանկացել է «անկեղծորեն ներողություն խնդրել անգութ թվիթի համար և խորապես ափսոսում է իր գործողությունների համար»:
Գործակալությունը նշում է, որ NBC հեռուստաալիքը ոչ մի կերպ չի մեկնաբանել սցենարի հեղինակին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ տեղեկությունը:










