Transparency International-ի հրապարակած կոռուպցիայի ընկալման ցանկում Հայաստանը զբաղեցրել է 113-րդ տեղը

12:21 • 25.01.17

Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպության կազմած կոռուպցիայի ընկալման 2016 թվականի վարկանշային ցանկում Հայաստանը զբաղեցրել է 113-րդ տեղը՝ կիսելով այն Բոլիվիայի և Վիետնամի հետ։ Հայաստանը ստացել է 33 միավոր հնարավոր 100-ից:


Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված է 176 պետություն, որոնցից յուրաքանչյուրը գնահատվել է 0-ից (չափազանց կոռումպացված) մինչև 100 (կոռուպցիայի բացակայություն) բալային համակարգով։ Ցուցիչը հաշվարկվում է Transparency International-ի սեփական մեթոդիկայով, որը հիմնված է հասանելի վիճակագրական տվյալների և հարցումների վրա։ 


2015 թվականի արդյունքներով՝ Հայաստանը 168 երկրների թվում զբաղեցրել էր 95-րդ տեղը՝ ստանալով 35 միավոր։


Վրաստանը զբաղեցրել է 44-րդ տեղը` 57 միավորով, Ադրբեջանը՝ 123-րդ՝ 30 միավորով, Թուրքիան՝ 75-րդ` 41 միավորով, իսկ Իրանն ու Ռուսաստանը 131-րդ տեղում են` 29 միավորով:


Վարկանշային ցանկի առաջին հորիզոնականները զբաղեցրել են Դանիան և Նոր Զելանդիան՝ ստանալով 90 միավոր, երրորդ հորիզոնականում է Ֆինլանդիան՝ 89 միավորով: Նրան հետևում է Շվեդիան՝ 88 միավորով: Վերջին հորիզոնականները զբաղեցրել են ԿԺԴՀ-ն, Հարավային Սուդանը և Սոմալին: