Բանգլադեշ պետությունում 1 միլիոն արմավենի կտնկվի` մարդկանց կայծակներից փրկելու համար
Բանգլադեշի իշխանություններն արմավենիներ տնկելու հանձնարարություն են տվել` մարդկանց կայծակներից փրկելու համար: Ծառատունկն արդեն մեկնարկել է, և ընդհանուր առմամբ պլանավորվում է տնկել մեկ միլիոն արմավենի: Այս մասին հաղորդում է Phys.org-ը` հղում անելով երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին:
Իշխանությունների տվյալների համաձայն` անցած տարի կայծակի հարվածից մահացել է ավելի քան 200 մարդ, որից 82-ը` նույն օրը: Փորձագետները գտնում են, որ մահացությունների թիվն ավելի մեծ է` մոտ 350 մարդ, քանի որ շատ մարդիկ ապրում են գյուղերում և ոստիկանությանը չեն հայտնում մահացածների մասին: Կառավարությունը կազմել է միջոցների ցուցակ, որը կօգնի կրճատել մահացությունների թիվը, և առաջինը դարձել է ծառերի քանակի ավելացումը, որոնք հարվածն իրենց վրա կվերցնեն:
Օդերևութաբանները համաձայնել են, որ ծառերի քանակի ավելացումը կօգնի կրճատել մահացությունների թիվը, սակայն արդյունքը կերևա տարիներ անց, երբ ծառերը մեծանան:










