Սպիտակ տունը կոչ է արել հանգիստ թողնել Թրամփի կրտսեր որդուն (տեսանյութ)

10:42 • 25.01.17

Միացյալ Նահանգների վարչակազմը կոչ է արել հանրությանը հանգիստ թողնել նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդուն՝ Բարոնին, որը, համացանցի որոշ օգտատերերի պնդմամբ, չափազանց մանկամիտ է:


«Հնուց եկած ավանդույթի համաձայն՝ նախագահների երեխաներին հնարավորություն է տրվում մեծանալ առանց քաղաքական ուշադրության: Սպիտակ տունն ակնկալում է, որ այս ավանդույթը կշարունակվի: Շնորհակալ ենք այս հարցում համագործակցության համար»,-նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում:


Նշենք, որ համացանցի բազմաթիվ օգտատերեր Թրամփի երդմնակալությունից հետո սկսել են ծաղրել տղային՝ պնդելով, թե կրտսեր Թրամփն իրեն տարօրինակ է պահել երդմնակալության արարողության ժամանակ: Բացի այդ, ոմանք ենթադրել են, որ 10-ամյա երեխան կարող է աուտիզմով հիվանդ լինել: Նրանց կասկածելի էր թվացել տղայի անընդհատ հորանջող ու «բացակա» հայացքով դեմքը:


Մինչդեռ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Բարոնն ուղղակի երեխա է:


«Բարոն Թրամփը, ինչպես և յուրաքանչյուր այլ երեխա, ունի մանուկ լինելու իրավունք: Ես կանգնած եմ յուրաքանչյուր երեխայի կողքին, ու դեմ եմ ԱՄՆ նախագահի վարած քաղաքականության այն հատվածներին, որոնք չեն բխում երեխաների շահերից»,-գրել էր Չելսի Քլինթոնը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ առաջին տիկին Մելանյա Թրամփը սպառնացել էր դատի տալ մի բլոգերի, որը հայտարարել էր, որ նրա որդին աուտիզմով է տառապում: