Forbes-ը Դիլիջանի միջազգային դպրոցը ներառել է ռուսաստանցի միլիարդատերերի ստեղծած կրթական հաստատությունների հնգյակում

23:49 • 25.01.17

Forbes ամսագիրն անդրադարձել է կրթական կենտրոններին, որոնք կառուցվել են ռուսաստանցի միլիարդատերերի կողմից կամ նրանց աջակցությամբ: Ամսագրի ներկայացրած հնգյակում տեղ է գտել նաև Դիլիջանի միջազգային դպրոցը, որը 2014-ին բացվել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ ջանքերով:

 

Դիլիջանում գտնվող UWC Dilijan-ը դպրոց-պանսիոն է տաղանդավոր երեխաների համար և ընդգրկված է United World College Dilijan միջազգային դպրոցների ցանցում: Դա նշանակում է, որ ընդունելության քննություններից հետո ընդունող հանձնաժողովը կարող է աշակերտին ուղարկել մեկ այլ երկրում ուսանելու, որտեղ նույնպես կան այդ ցանցի դպրոցները:

 

Ներկա պահին դպրոցում 72 տարբեր երկրներից 198 աշակերտ է սովորում: UWC Dilijan դպրոցում երկու տարի են սովորում համալսարան ընդունվելուց առաջ: 2016-ին դպրոցը իր առաջին ուսանողներն է ունեցել:

 

Հնգյակում տեղ գտած մյուս կրթական հաստատություններից է Զիյաուդին Մագոմեդովի բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կառուցվող «Պերիմետր» հաստատությունը Դաղստանում: Հաջորդիվ պարբերականը հիշատակել է Վադիմ Մոշկովիչի «Լետովո» գյուղում կառուցած համանուն դպրոցը, Ելենա Բատուրինայի նախաձեռնությամբ բացված «Առաջին մոսկովյան մասնավոր գիմնազիան» և Ռոման Աբրամովիչի և այլ գործարարների ջանքերով բացված «Սիրիուս» կենտրոնը Սոչիում, որը ևս նախատեսված է տաղանդավոր երեխաների ունակությունների զարգացման համար: