Անգլերեն չիմացող փոքրիկից մինչև Նոր Հարավային Ուելսի վարչապետ. The Sydney Morning Herald-ի անդրադարձը Գլեդիս Բերեջիկլյանին

12:48 • 25.01.17

Ավստրալական The Sydney Morning Herald պարբերականն անդրադարձել է Նոր Հարավային Ուելս (ՆՀՈՒ) նահանգի վարչապետի պաշտոնում ընտրված հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին՝ ուշագրավ զուգահեռներ անցկացնելով անձնական կյանքի ու քաղաքական կարիերայի միջև:


Աղբյուրը նկատում է, որ նա ծնողների հետ Ավստրալիա է տեղափոխվել 5 տարեկանում, երբ մանկապարտեզի տարիքի անգլերեն չիմացող երեխա էր, ում հաջողվել է բազմաթիվ պատասխանատու պաշտոններ ներառող հետաքրքիր կարիերա անել՝ վերջիվերջո դառնալով Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետ:

«Մարդիկ կարող են վստահ լինել, որ Նոր Հարավային Ուելսը կրկին համար առաջինն է»,-նշել է Բերեջիկլյանի լիբերալ ընկերներից մեկը՝ մեկնաբանելով վարչապետի պաշտոնում հայուհու ընտրվելը:


Գործընկերների կարծիքով՝ հայուհուն բնորոշ անկեղծությունն ու բաց լինելը կլինեն վարչապետին շարքային քաղաքացիների հետ կապող գլխավոր օղակները:


«Նա իրոք իմ իմացած ամենավճռական ու աշխատասեր կինն է, ում, ըստ իս, չկա մեկը, որ չսիրի»,-նշել է ՆՀՈՒ-ի խորհրդարանի վերին պալատի նախագահ Դոն Հարվինը:

 
Աղբյուրը նշում է, որ Բերեջիկլյանը ծնվել է եռակցողի և բուժքրոջ ընտանիքում, ում ծնողներն Ավստրալիա են տեղափոխվել Երուսաղեմից և Սիրիայից՝ 1960-ականներին: Մինչև 5 տարեկան նա գրեթե չէր խոսում անգլերեն, սակայն մայրը խրախուսում էր խոսել՝ օտար լեզվին տիրապետելու համար:


Ընկերները Բերեջիկլյանի մասին խոսելիս նկատել են, որ նրա հայկական արմատները մեծ ազդեցություն են ունեցել կնոջ մոտ առաջադեմ լիբերալ հայացքների ձևավորման վրա:


Ընկերները նոր վարչապետին բնութագրում են որպես խիստ կարգապահ կին, ում օրը սկսվում է նախաճաշի ընթացքում նախարարական զեկուցումների ընթերցմամբ:


Սակայն նա առանձնահատուկ վերաբերմունք ունի կիրակիի հանդեպ: Այդ օրը նա նվիրում է ընտանիքին՝ 2 քույրերին ու 6 սանիկներին: Հայտնի է նաև, որ վարչապետն ամուսնացած չէ ու երեխաներ չունի:

 

 Փոքրիկ Գլեդիսը հոր՝ Գրիգոր Բերեջիկլյանի հետ

 

Gladys Berejiklian as a toddler with her father, Krikor.