Արցախ այցելած բլոգեր Լապշինին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է մեկնարկել
Հայտնի ռուսաստանցի և իսրայելցի բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինին ազատելու պահանջով ստորագրահավաք է մեկնարկել change.org կայքում:
Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով դեկտեմբերի 15-ին կալանավորվեց Մինսկում: Պաշտոնական Բաքուն բլոգերին մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 (պետությունների դեմ հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով, որոնց համաձայն՝ նախատեսված է քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին: Ավելին, Ադրբեջանը Բելառուսից պահանջում է նաև արտահանձնել Լապշինին Բաքու:
«Բաքվի իշխանությունները փորձում են բլոգերին մոնստեր ներկայացնել. նրա պատմությունները Հարավային Կովկասում արված ճամփորդություններից ներկայացվում են որպես իշխանության դեմ հեղափոխական կոչեր»,- գրված է ստորագրահավաքին կից հաղորդագրության մեջ:
Հայտնի բլոգերը, հիշեցնենք, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին, ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը:
Այս առնչությամբ հաղորդագրության մեջ նաև ասված է, որ Լապշինը ներկայացվում է որպես հանցախումբ ստեղծող, որի նպատակը Ադրբեջանի պետական սահմանը հատելու մեջ է եղել:
«Իսկ իրականում ճամփորդից վրեժ են լուծում նրա համար, որ նա Livejournal-ի էջերում գրառումներ է արել, ռեպորտաժներ տեղադրել Լեռնային Ղարաբաղ այցից, ինչպես նաև Ադրբեջանի մայրաքաղաքի անհրապույր տարածքներից: Ցավոք, Բելառուսի գլխավոր դատախազությունն աջակցում է սրան՝ որոշելով արտահանձնել Լապշինին, չնայած գործում առկա մեծաքանակ անհամաձայնություններին»,- ասված է կից հաղորդագրության մեջ:
Վերջում կոչ է արվում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն խոսքի ազատության իրավունքի ոտնահարմանը, ազատ տեղաշարժի իրավունքի պահպանմանը, ստորագրել Ալեքսանդր Լապշինին ազատ արձակելու պահանջագրի տակ:
«Մենք՝ Լապշինի հարազատներս, ընկերներս, հույս ունենք, որ միջազգային կազմակերպությունները, միջազգային հանրությունը կօգնեն մեզ այս հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ալեքսանդր Լապշինի ազատ արձակման պահանջագրին միանալու, ստորագրելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ:
Նշենք, որ այսօր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Ադրբեջանին արտահանձնման մասին Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը:










