Արցախից Երևան տեղափոխված 2 զինծառայողների վիճակն էլ այս պահին ծայրահեղ ծանր է. Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ
Երեկ ԼՂՀ Պաշպանության բանակից երկու վիրավոր տեղափոխվել է Երևան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Նա նշեց, որ վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանը, ով վիրավորվել է ստորին վերջույթից:
«Նրա վիճակը կայուն է, փորձել ենք օրգան պահպանող վիրահատություն անել, սակայն վնասվածքի ծավալը մեծ էր, չի հաջողվել»,- ասաց նա և նշեց, որ ստորին վերջույթներից մեկը հեռացվել է:
ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի փոխանցմամբ՝ Ալեքսեյ Ավանեսյանը երեք օր առաջ է վիրավորում ստացել և վիրահատությունն այնպես է անցակացվել, որ հետագայում պրոթեզավորում լինի: «Քանի որ վիրավորը բավականին արյուն է կորցրել, նրա վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է գնահատվում, սակայն վաղը, կարծում եմ, կլինի ծանր»,- ասաց գնդապետը:
Ինչ վերաբերում է երեկ Երևան տեղափոխված մյուս վիրավոր Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակին, ապա նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, քանի որ գանգուղեղի հատվածում է վնասվածք ստացել և արհեստական շնչառական ապարատին է միացված:










