ԱՄՆ Սենատը հաստատել է Նիկի Հեյլիի թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ձայների մեծամասնությամբ հաստատել է Նիկի Հեյլիի թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, գրում է Reuters գործակալությունը:
Հեյլիի թեկնածությանը կողմ է քվեարկել Սենատի 96 անդամ:
Մի շարք սենատորներ, սակայն, մտահոգություն են հայտնել այն առնչությամբ, որ 45-ամյա Նիկի Հեյլին չունի բավականաչափ փորձ արտաքին քաղաքականության ոլորտում այդ պաշտոնը զբաղեցնելու համար:
Հնդկական արմատներով Հեյլին ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի նահանգապետն է, ում թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը։
Նշենք, որ Հեյլիից առաջ այս պաշտոնը զբաղեցրել է Սամանթա Փաուերը, որը նշանակվել էր նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից: Նրա լիազորությունների ժամկետը լրացել է հունվարի 20-ին` ԱՄՆ նոր վարչակազմի աշխատանքի մեկնարկի հետ կապված:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Վաշինգտոնում կայացել է Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը:










