Պարզվել է ՀՀ-ում իշխանության մարմինների օբյեկտները պայթեցնել սպառնացող անձի ինքնությունը
Ռուսաստանի ՆԳՆ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ղեկավար գեներալ-մայոր Ալեքսանդր Պրոկոպչուկը հայտնել է, որ իրենց հաջողվել է պարզել Հայաստանի իշխանության մարմինների օբյեկտները պայթեցնել սպառնացող ռուսաստանցու ինքնությունը: Այդ մասին նա հայտնել է «Известия»-ին տված հարցազրույցում՝ խոսելով ահաբեկչության և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի, անցած տարվա աղմկահարույց ձերբակալությունների մասին:
«Կիպրոսի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ պարզվել է Ռուսաստանի քաղաքացու ինքնությունը, որը բազմիցս կեղծ տեղեկություն է հայտնել նախապատրաստվող ահաբեկչությունների մասին: Մասնավորապես՝ նա սպառնացել է պայթեցնել Լառնակայի օդանավակայանը, Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի իշխանությունների մարմինների օբյեկտները»,- ասել է Պրոկոպչուկը:
Նրա խոսքով՝ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի «Ահաբեկչության ակտի մասին կեղծ հաղորդման» վերաբերյալ հոդվածով:










