Մոլդովայի նախագահը Մերձդնեստրի հակամարտության կարգավորման միջոց է առաջարկել

12:38 • 25.01.17

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ Մերձդնեստրի հարցը պետք է լուծել համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Այս մասին նա ասել է Քիշնևում` երկրի նախագահի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսի ժամանակ:

«Կարծում եմ, որ մերձդնեստրյան կարգավորման հարցում նախագահը, խորհրդարանն ու կառավարությունը չպետք է տարաձայնություններ ունենան: Մենք պետք է քաղաքական լուծում գտնենք, որը կհաստատվի համաժողովրդական հանրաքվեի ընթացքում», - մեջբերում է ТАСС-ը նրա խոսքերը:

Դոդոնը երկրի խորհրդարանին և կառավարությանն առաջարկել է «միացյալ հարթակ ստեղծել երկիրը վերամիավորելու համար»:

Նախագահը հիշեցրել է, որ չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկիի հետ վերջերս ունեցած հանդիպման ընթացքում իրենք արդեն կոնկրետ արդյունքների են հասել. պարզեցվել է Մերձդնեստրից ելքի գործընթացը, «պլանավորվում է փաստաթղթերի փաթեթ ստորագրել, որոնք կհամապատասխանեն Դնեստրի երկու ափերի բնակիչների շահերին»: