Թրամփն այսօր կստորագրի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին հրամանագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հունվարի 25-ին ստորագրել մի շարք հրամանագրեր, որոնց թվում է նաև Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ փաստաթուղթը:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին 70-ամյա հանրապետականը հայտնել է Twitter սոցկայքի իր միկրոբլոգում:
«Վաղը կարևոր օր է լինելու ազգային անվտանգության համար: Այլ բաների հետ մեկտեղ, մենք կկառուցենք պատը»,- գրել է նախագահը, որը դեռ քարոզարշավի ժամանակ էր խոստացել ընտրվելու դեպքում Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով ամուր պատ կառուցել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նետոն հակադարձել էր Թրամփին՝ հայտարարելով, որ երկրի իշխանությունները չեն վճարի ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար:











