Անհիմն է մեղադրանքը, թե «Ելքը» 3 ուժերով «սահմանափակ դաշինք» է. Արտակ Զեյնալյան

22:04 • 25.01.17

«Հանրապետություն» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Tert.am-ի հետ զրույցում անհիմն համարեց «Ելքին» ուղղված մեղադրանքը, որ «երեքով սահմանափակ դաշինք կազմելով ընդդիմությանը չեն միավորում» ։ Նա որպես հակափաստարկ նշեց, որ չեն հրապարակում իրենց ցուցակները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավանական է՝ այլ քաղաքական ուժեր և գործիչներ ևս համաձայնեն «Ելք» դաշինքի հետ հանդես գալ: «Չենք հրապարակել նաև մեր դաշինքի առաջին երեք լիդերների հերթականությունը, սա կարևոր փաստարկ է, որ այդ մեղադրանքն անհիմն է»,-ասաց նա:

-Պարո՛ն Զեյնալյան, թեպետ դաշինքի մասին ազդարարելու ժամանակ հայտարարեցիք, որ ձեր դռները բաց են ընդդիմադիր կուսակցությունների համար, բայց ընդդիմադիրներից Պետրոս Մակեյանը «Ելք» դաշինքին մեղադրում է «երեքով սահմանափակ դաշինք կազմելու» մեջ, այսինքն` ընդդիմությանը չմիավորելու: Այս քննադատության մեջ «Ելքի» առաջնորդների մեղքը չե՞ք տեսնում:

- Նախ անընդունելի է այդ մեղադրանքը, որ արվում է «Ելք» դաշինքին, և որպես հակափաստարկ ասեմ, որ մենք չենք հրապարակում մեր ցուցակները՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավանական է՝ այլ քաղաքական ուժեր և գործիչներ ևս համաձայնեն հանդես գալ «Ելք» դաշինքի հետ: Եվ չենք հրապարակել նաև մեր դաշինքի առաջին երեք լիդերների հերթականությունը. սա կարևոր փաստարկ է, որ այդ մեղադրանքն անհիմն է: Մենք բաց ենք համագործակցության համար այն հուշագրի շրջանակներում, որը ստորագրել ենք, և եթե կլինեն գործիչներ և ուժեր, որոնք համաձայն կլինեն այդ գաղափարախոսության հետ, ապա մենք սիրով հանդես կգանք միասնական:

-Կամ թեկուզ ընդդիմության միավորման համար ձեզ գաղափարախոսությունն ինքնին սահմանափակո՞ւմ չէ:

-Կարող են լինել սահմանափակումներ, այնպիսի քաղաքական ուժերի դեպքում, որ այս կողմնորոշումը չունեն՝ աջ կողմնորոշում չունեն, եվրոպական տիպի երկիր կառուցելու կողմնորոշում չունեն, ԵՏՄ-ից դուրս գալուն դեմ են։ Այնպիսի քաղաքական ուժեր, որոնք այլընտրանքային անվտանգության համակարգերին դեմ են՝ բնականաբար լինելով ընդդիմություն, իրենք իրենց ընդդիմություն համարելով, կարծում եմ, չեն կարող լինել այս դաշինքում, այս դաշինքը գաղափարական դաշինք է:

- Այս օրերին շատ քաղաքական ուժերի հետ բոլորը բանակցություններ են տանում, ավելին` ասվում է՝ բոլորը բոլորի հետ բանակցում են։ «Ելք»-ում մտավորականների, իրավաբանների, բժիշկների ցուցակ կա՞, որոնց կարող եք հրավիրել դաշինք:

-Լինում են առաջարկություններ, դրանք քննարկվում են: «Ելքը» երեք կուսակցությունների միավորում է, երեք կուսակցություններն էլ որոշակի մարդկային ռեսուրսներ ու զանգված ունեն, որը բազմապատկվել է։ Ունենք բավարար չափով մասնագետներ, սակայն, իհարկե, բաց ենք նաև այդպիսի մասնագետների համար, և բանակցություններ վարվում են: Անուններ չենք ցանկանում դեռևս հայտնել:

-Իսկ «Ժառանգության» հետ բանակցություններն ի՞նչ հանգեցրին:

-Դեռևս դրանք ավարտված չեն: Մեր լիդերներից մեկը հայտարարությամբ հանդես է եկել, բացատրել է, որ դաշինքի խորհրդակցությունը նախապես հավասարազոր չորս ուժերի մեջ է գնացել։ Սակայն «Ժառանգությունը» ցանկանում էր այլ ուժերի հետ ևս քննարկել, և երեքով կազմեցինք դաշինքը՝ պայմանով, որ կոնսենսուսով կարող ենք ընդգրկել այլ ուժերի ևս: «Ժառանգությունը» ևս կանգնած է եղել այս դաշինքը ձևավորելու ակունքներում, հավասարազոր, սակայն մտածել է, որ կարող է նաև բանակցել, քննարկել այլ ուժերին միավորվելու հարցը:

-Իսկ հնարավո՞ր է, հաշվի առնելով «Ժառանգությունում» առանցքային դերակատարում ունեցող անձանց միջև երկու տարբեր մոտեցումները, որ նրանք, ովքեր կկիսեն ձեր գաղափարախոսությունը «Ժառանգությունից», որպես անհատ միանան «Ելք»-ին, ինչպես օրինակ՝ Զարուհի Փոստանջյանը:

-Մենք բաց ենք համագործակցության համար, մեր հուշագիրը ազատական համակարգով հուշագիր է։ Այն գաղափարները, որոնք արձանագրված են, եթե ընդունում են մարդիկ, մենք սիրով պատրաստ ենք մեր ցուցակում ներգրավել փորձառու լիդերների, փորձառու քաղաքական գործիչների և միասին համատեղ հանդես գալ՝ նպատակ ունենալով ձևավորել ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանություն և կամ ստանձնել այն լիազորությունները, որն ունի ԱԺ-ում պատգամավորը:

-Իսկ դիտարկո՞ւմ եք ՀԱԿ-ի հետ համագործակցությունը:

-Չենք բացառում համագործակցությունը ՀԱԿ-ի հետ, նախկին ՀՀՇ-ի հետ, կարող ենք քննարկել, եթե լինեն նման հեռանկարներ: Այս պահին քննարկումներ չկան:

-Դաշինքում կա 3 կուսակցություն, կա՞ սկզբունքային համաձայնություն, թե դաշինքի ո՞ր կուսակցությունների ներկայացուցիչն է լինելու նախընտրական շտաբի պետ:

-Դեռևս վաղ է դրա մասին բարձրաձայնել, այս առումով սկզբունքային տարաձայնություններ չկան:

-Քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները, ինչպես օրինակ՝ որոշ առանցքային դերակատարների դուրս գալը ՀՀԿ-ից, կարո՞ղ են «Ելքի» դիրքերն ամրացնել որոշ չափով:

-Ես գիտեմ մի հայտարարության մասին ՀՀԿ-ից դուրս գալու՝ իրենց փոխնախագահի դուրս գալու մասին է խոսքը, ինչը քաղաքական իրադարձություն է, անկախ նրանից, թե ինչ դրդապատճառ ունի՝ քաղաքական, թե անձնական: Այնուամենայնիվ դա առանց քաղաքական հետևանք լինել չի կարող: Իհարկե ՀՀԿ-ից դեռևս հայտարարում են, որ նման դիմում չեն ստացել, բայց լսել եմ անձամբ հայտարարությունը, որ Հովիկ Աբրահամյանը հեռանում է, կլսենք դրդապատճառները և ըստ այդմ էլ մեր դիրքորոշումը կհայտնենք դրա վերաբերյալ, բայց անպայման դա քաղաքական հետևանքներ կունենա:

-Բայց վա՞ղ է ասել, որ դրանով «Ելքի» դիրքերը ամրապնդվում են:

-«Ելքի» դիրքերը գնալով ամրապնդվում են, «Ելքը» գաղափարական դաշինք է, հաջողված անհատների և մասնագետներ համախմբում է, ովքեր իրենց ասպարեզներում հասել են որոշակի բարձունքի: Սա փորձ ունեցող, մոտիվացած, հնարամիտ երիտասարդների համախմբում է, ավյունով լեցուն, ինչն էլ հենց մեր դիրքերն ամրապնդում է:

-Իսկ «Հանրապետության» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ի վերջո, Սյունիքի՞ց, թե Արարատի մարզից է առաջադրվելու: Նա հայտարարեց, որ Սյունիքից մինչդեռ մամուլը գրում է, որ Արարատի մարզից:

-Դեռևս հստակեցված չէ՝ ով որ ընտրատարածքում է լինելու ռեյտինգային ցուցակում, բայց պարոն Սարգսյանի նախասիրությունն է լինել Սյունիքում, և այս պահին քաղաքական նպատակահարմարության տեսակետից դա է մեզ հարմար: Բայց, իհարկե, բացառված չէ, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ հանդես գա Երևանի ընտրատեղամասերից մեկում: Արարատի մարզից ավելի քիչ հավանական է: