Պետք է նվազեցնել պարտադիր կանխավճարի չափը. Կարեն Կարապետյանը «Մատչելի բնակարան» ծրագրի մասին

11:46 • 26.01.17

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին հանձնարարեց ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումների խնդիրը և մինչև մարտի 1 կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:

Այնուհետև վարչապետը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց քննարկել 2010 թվականին սահմանված «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը:

«Մասնավորապես՝ բարձրացնելով ծրագրի շրջանակներում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը և նվազեցնելով պարտադիր կանխավճարների չափը: Ըստ անհրաժեշտության համապատասխան հարցը քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ: Պա՞րզ է հանձնարարականը, իմաստը, նպատակը: Շատ լավ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այս ծրագրում 2016 թվականին որոշ փոփոխություններ են արվել՝ նպատակ ունենալով էլ ավելի մատչելի դարձնել բնակարանների ձեռքբերումը։ Ավելացվել է տարիքային սահմանափակման առավելագույն շեմը, ձեռք բերվող բնակարանի առավելագույն արժեքը, տրամադրվող հիփոթեքային վարկի առավելագույն գումարը, ինչպես նաև նվազեցվել է քաղաք Երևանում տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը: 

Ըստ այդմ՝ նախկինում ծրագրով, ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցեր 60-ը, սակայն փոփոխություններից հետո տարիքային սահմանափակման շեմն ավելացվել է և առավելագույնը կազմում է 65 տարեկան, ընդ որում՝ մեկի տարիքը պետք է չգերազանցի 35-ը, իսկ մյուսինը՝ 30-ը։

Բնակարանի ձեռք բերման արժեքը նախկինում նախատեսված էր 16 մլն դրամ, ինչը փոխվել է՝ կազմելով 25 մլն դրամ: Նաև փոխվել է հիփոթեքային վարկի կանխավճարի չափը. եթե նախկինում այն նախատեսված էր 30% թե՛ մարզերում, թե՛ Երևան քաղաքում, ապա այնուհետև այն փոփոխության ենթարկվեց՝  կանխավճարը սահմանվեց 10%–ի չափով։