Մադլեն Օլբրայթը պատրաստ է մահմեդական դառնալ ի նշան Թրամփի վարած քաղաքականության դեմ բողոքի

12:32 • 26.01.17

ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատ Մադլեն Օբլրայթը պատրաստ է իսլամի հետևորդ դառնալ՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իմիգրացիոն քաղաքականության խստացման դեմ բողոքի: Համապատասխան գրառումը նա արել է Twitter միկրոբլոգների ցանցի իր էջում:


«Ես պատրաստ եմ իսլամ ընդունել հանուն համերաշխության: Բարով եք եկել, փախստականներ»,- նշել է Օլբրայթը՝ հավելելով, որ Ամերիկան «պետք է մնա ազատ երկիր ցանկացած հավատի և ցանկացած ծագումով մարդկանց համար»:


Չորեքշաբթի Թրամփը հրամանագրեր է ստորագրել իմիգրացիոն քաղաքականության խստացման և սահմանների անվտանգության մասին: Associated Press գործակալությունը, վկայակոչելով փաստաթղթերի նախագծերը, հայտնել է, որ Թրամփը մտադիր է 120 օրով կասեցնել Միացյալ Նահանգների փախստականների օգնության ծրագրի աշխատանքը, ինչպես նաև առնվազն 30 օրով դադարեցնել յոթ մահմեդական երկրների՝ Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար վիզաների տրամադրումը: