Մեքսիկայի նախագահը 47,5 միլիոն դոլար կուղղի ԱՄՆ-ում մեքսիկացի ներգաղթյալների պաշտպանությանը
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն որոշում է կայացրել լրացուցիչ 1 միլիարդ պեսո (մոտ 47,5 միլիոն դոլար) ուղղել ԱՄՆ-ում մեքսիկացի ներգաղթյալների պաշտպանությանը՝ երկու երկրների հարաբերությունների խստացման պայմաններում։ Այդ մասին հայտնել է Մեքսիկայի սենատի ղեկավար Պաբլո Էսկուդերոն։
«Նախագահը հրահանգել է ֆինանսների նախարարին 1 միլիարդ պեսո ուղղել հյուպատոսական օգնությանը՝ մեր ներգաղթյալների պաշտպանության համար, նա նաև ասել է, որ ավելի շատ միջոցների անհրաժեշտության դեպքում, դրանք նույնպես կհատկացվեն»,- հայտարարել է Էսկուդերոն Պենյա Նյետոյի հետ սենատորների հանդիպումից հետո։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, զրույցի հիմնական թեման եղել են ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո այդ երկրի հետ հարաբերությունների սրման պայմաններում Մեքսիկայի հնարավոր գործողությունների վերաբերյալ խորհրդակցությունները։










