Հայկ Գինովյանն իր ծառայությունն անցկացրել է այն հատվածում, որտեղ ապրիլին ռազմական գործողություններ չեն ընթացել. ԼՂՀ ՊԲ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունն անդրադարձել է երեկ Tert.am լրատվական կայքում հրապարակված՝ «Զինկոմիսարիատում զինվորի զինգրքույկում սպիտակ ներկով ջնջել են ապրիլյան գործողություններին մասնակցելու հատվածը. վերջինս բողոքում է» հոդվածին:
Նշված հոդվածում հունվարի 17-ին զորացրված Հայկ Գինովյանը՝ բողոք է հայտնել, որ զորացրվելու ժամանակ իր զինգրքույկում սպիտակ ներկով ջնջվել է հատվածն այն մասին, որ ինքն ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին:
Հայկ Գինովյանը զինգրքույկում սպիտակ ներկով ջնջված է ապրիլյան պատերազմին մասնակցելու հատվածը, իսկ ընկերոջ զինգրքույկում պարզ երևում է, որ նախ գրվել է, որ զինվորը մասնակցել է ապրիլյան պատերազմին, հետո վրան կարմիր գրիչով գրվել է՝ անվավեր:
ԼՂՀ ՊԲ պատասխանում, մասնավորապես ասվում է.«Ի պատասխան Tert.am կայքում հունվարի 27-ին հրապարակված «Զինկոմիսարիատում զինվորի զինգրքույկում սպիտակ ներկով ջնջել են ապրիլյան գործողություններին մասնակցելու հատվածը. վերջինս բողոքում է» վերտառությամբ հոդվածի՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ զորացրված զինծառայող Հայկ Գինովյանն իր ծառայությունն անց է կացրել այն հատվածում, որտեղ ապրիլին բացահայտ պաշտպանողական և հակահարձակողական ռազմական գործողություններ չեն ընթացել: Դրա համար էլ նրա զինգրքույքում նշված է միայն, որ նա ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ: Երկրորդ՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկվա իր ասուլիսում, անդրադառնալով վերոնշյալ հարցին, տվել է համապատասխան պարզաբանում: Ուստի խնդրում ենք մեր լրատվամիջոցներին սույն հարցին մոտենալ ըմբռնումով և այն հրապարակային քննարկման նյութ չդարձնել»:










