Հայ հնագետները ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են 2 մլն տարվա բնակատեղիի հայտնաբերման փաստը, քանի դեռ չեն ծանոթացել ռուս գործընկերների նյութերին

21:08 • 28.01.17

ՀՀ ԳԱԱ  ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, ակադեմիայի թղթակից անդամ Պավել Ավետիսյանը, քանի դեռ չի ծանոթացել Հայաստանում պեղումներ իրականացնող ռուս արշավախմբի գտածոներին վերաբերող նյութերին և չի հասկացել՝ դրանք ինչ մեթոդաբանության հնագիտական փորձաքննությունների արդյունքում են ներկայացվել, որպես ստորին քարեդարյան մարդանման էակի բնակատեղի/սա ոտքերի վրա ուղիղ կանգած Homo sapience չէ, այլ մարդանման էակ, կամ նախամարդ/ ո՛չ կարող է հաստատել, ո՛չ  հերքել ռուս հնագետների` Հայաստանում պեղված գտածոների մասին նյութերը:

 

«Մենք իրենց հայտնաբերած շերտերի նյութերին չենք տիրապետում: Կամ` որքանո՞վ է ճիշտ նրանց մեթոդաբանությունը, իրենք արե՞լ են փորձաքննություններ, թե՝ ոչ, մինչև մենք  այս ամենին չծանոթանանք, մենք չենք կարող ո՛չ հերքել , ո՛չ հաստատել: Եթե ապագայում  կաշխատենք իրենց հետ, կպարզենք, որ իրենց փորձաքննություններն ընդունելի են մեզ համար,  կմիանանք իրենց հայտարարությանը, եթե ոչ, կներկայացնենք առարկությունները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Պավել Ավետիսյանը:

 

Հիշեցնենք, որ Naked-science.ru կայքը տեղեկացրել էր, որ Հայաստանի տարածքում հայտնաբերվել են շուրջ 2 մլն տարվա վաղեմության քարեդարյա մարդու բնակատեղի, որն ամենահինն է աշխարհում:

 

Այս ուշագրավ հայտնագործության մասին խոսել է ՌԴ գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Լապաշինը` նշելով, որ ստորին պալեոլիթին պատկանող բնակատեղին հայտնաբերվել է մի քարանձավի պեղումների ժամանակ: Հստակ տարածքի անունը չի նշվում:

 

Պավել Ավետիսյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ անգամ չի տեղեկացվում, թե խոսքն ինչ բնակավայրերի մասին է: Այսինքն` «մեր իմացա՞ծ հուշարձանների մասին է, թե ոչ»:   Պավել Ավետիսյանը տեղյակ է միայն, որ Հայաստանում տարիներ շարունակ աշխատում է  հայ-ռուսական  արշավախումբը, որը ղեկավարում է Խորհրդային տարիների շատ հայտնի  քարե դարի մասնագետ` ակադեմիկոս Վասիլի  Լյուբինը և նրա կինը` Ելենա  Բելյաևան, նույնպես հանրահայտ քարեդարյան մասնագետ։Հայաստանում նրանք աշխատել են  Լոռու մարզի երկու հնավայրերի տարածքում, որոնց անվանում են `  Քարախաչ և  Կուրթան, որոնք, ի դեպ, քարայրներ չեն:

 

Թեպետ 2004-2005 թթ. հայ հնագետները համագործակցել են ռուս հնագետների հետ,  հետո վերջիններս առանձնացել էին ու գործում էին ՀՀ մշակույթի նախարարությունում գործող մասնագետների հետ:

 

«Այսինքն` հայկական կողմի համատեղությունն ապահովված էր, բայց ոչ մեր ինստիտուտի աշխատակիցների: Հիմա նորից առաջարկ եմ ստացել, որ համատեղ աշխատենք: Դեռ այն քննարկման փուլում է և դեռ մենք պայմանագիր չենք կնքել»,-տեղեկացրեց Պավել Ավետիսյանը:

 

Ամեն դեպքում,   Պավել Ավետիսյանը   լուրջ  կասկածներ ունի, որ գտածոներն այն են, ինչ ներկայացվում է:  

 

Եթե պարզվի, որ դա ճիշտ է, ապա կնշանակի, որ խոսքը 1.9-2 մլն տարեկան մարդանման էակի բնակավայրի մասին է։

 Պավել Ավետիսյանն ընդգծեց, որ ռուս-հայկական արշավախմբի իր նշած նյութերին ծանոթանալուց հետո նաև պնդելու են, որ արշավախմբի ղեկավարը հայ լինի: