«Ոչինչ, Լոռիում 3 հոգի էլ կարող են ՀՀԿ-ից դուրս գալ, ի՞նչ է եղել որ». Լոռու մարզպետը նախկին գյուղապետի ու դպրոցների տնօրենների՝ հեռանալու մասին
Վերջին օրերին Լոռու մարզում Հանրապետական կուսակցությունից նոր հեռացողներ են եղել: Գուգարքի հիմնական դպրոցի նախկին տնօրեն Սամվել Մացակյանը երեկ Lori TV հեռուստաընկերությանը հայտարարել է, որ ՀՀԿ-ից հեռանալու դիմում է գրել: «Ես որպես մարդ խիստ հիասթափված եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Դուք ինքներդ էլ տեսնում եք, թե ինչքան մարդ է լքում այդ կուսակցությունը: Ես իմ համոզմունքով եմ ընդունվել կուսակցություն և հիմա էլ, այդ նույն համոզմունքով դուրս եմ գալիս ՀՀԿ-ից: Կուսակցության մարզային կառույցը վերածվել է ռեժիմի՝ ընտրյալ հաճախորդներով»,- ասել է Մացակյանը:
Նշենք, որ նա միացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:
ՀՀԿ շարքերը օրերս լքել է նաև Վանաձորի 8-րդ դպրոցի նախկին տնօրեն Կարինե Ստեփանյանը: Իսկ օրեր առաջ ՀՀԿ-ից դուրս եկավ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի նախկին գյուղապետ Վանո Եղիազարյանը, ով Վանաձորի պետական համալսարանի դասախոս է՝ ֆեյսբուքում հայտարարելով, որ «անպատվաբեր է մնալ մի կուսակցության շարքերում, որի հիմքում ազգային գաղափարաբանությունն է, սակայն իրականում ազգը պառակտող ու խառնակիչ գործունեություն է իրականացնում` հարազատին հանելով հարազատի, բարեկամին` բարեկամի, հային` հայի դեմ»:
Քանի որ Լոռու մարզային կառույցի ղեկավարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն է, ով վերջերս վերընտրվեց ՀՀԿ խորհրդի կազմում և, ըստ մամուլի, նաև նրա հետ կապված դժգոհության արդյունքում են նախկին ՀՀԿ-ականները լքել ՀՀԿ-ն, Tert.am-ը հարց ուղղեց մարզպետին, թե Լոռիում նախկին գյուղապետի ու դպրոցների տնօրենների ՀՀԿ-ից հեռացումները չե՞ն գալիս փաստելու, որ Լոռիում ՀՀԿ շարքերը խարխուլ են և արտահոսք կա, հատկապես, որ հեռացողները նախկին պաշտոնյաներ են: «Ընդհանրապես էդպես չեմ կարծում, որովհետև սա քաղաքական ընթացք է և յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ որ քաղաքական ուժի հետ պետք է անցնի ճանապարհ: Եթե զգում է, որ մեր դաշտում անելիք չունի, բնականաբար, պետք է հեռանա և իր անելիքները տեսնի այնտեղ, որտեղ իրեն հրավիրում են»:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները հայտարարում են, որ հիասթափված են ՀՀԿ-ից, Լոռու ՀՀԿ կառույցի ղեկավարը պատասխանեց. «Կուսակցությունը մարդկանց մոտ պետք է պատասխանատվություն ավելացնի, ոչ թե իրավունքներ կամ պաշտոններ տա: Իսկ 3 հոգու դուրս գալը, բնականաբար, արտահոսքի մասին չի խոսում, որովհետև մենք էս մեկ տարվա ընթացքում 100-ավոր մարդիկ ունենք կուսակցության շարքերը մտած: Ոչինչ, 3 հոգի էլ կարող են կուսակցությունից դուրս գալ, ի՞նչ է եղել որ»:
Լոռու մարզպետը չի ընդունում Լոռու ՀՀԿ կառույցին ներկայացված մեղադրանքները. «Եթե պաշտոն են զբաղեցնում, ամեն ինչ նորմալ է, եթե պաշտոն չեն զբաղեցնում, կարող են խոսե՞լ, բամբասե՞լ, ես դա ճիշտ չեմ համարում»:
Դիտարկմանը, թե այդ հանգամանքը չի գալիս փաստելու, որ պաշտոնի համար են ՀՀԿ-ական դառնում, պաշտոնից զրկվելուց հետո ՀՀԿ-ից էլ են հեռանում, Նալբանդյանը պատասխանեց. «Ոչ, 3 հոգու գրառումներով խնդրում եմ մնացածի մասին կարծիք չկազմել»:










