Հայ կանայք պարտավոր են լինել ուժեղ և ստեղծող. Թուրքիայի Մեջլիսի հայ կին պատգամավորը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի կին պատգամավոր Սելինա Դողանը շնորհավորական ուղերձ է հղել Գլեդիս Բերեջիկլյանին՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ:
Այս մասին tert.am-ին հայտնել են Սելինա Դողանի մամուլի ծառայությունից:
Դողանն իր նամակում ընդգծել է, որ աշխարհի բազմաթիվ երկրներում արվեստով, քաղաքականությամբ ու հասարակական աշխատանքով զբաղվող հայ մայրերը պետք է միասնական լինեն և իր աջակցությունն ու Բերեջիկլյանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:
«Մենք մի ազգի ներկայացուցիչներ ենք, որոնք շուրջ 100 տարի առաջ տեղի ունեցած ցավերի պատճառով ցրվել են աշխարհի տարբեր անկյուններով: Ապրում ենք տարբեր պատմական, հասարակական և քաղաքական կառուցվածքի տեր երկրներում: Մենք՝ որպես կանայք և որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, աշխատել և աշխատում ենք հաղթահարել բազմաթիվ արգելքներ: Մենք պարտավոր ենք լինել ուժեղ և ստեղծող՝ ինչպես Զաբել Եսայանը (պոլսահայ հայտնի գրող, հայ որբերի հավաքագրմամբ զբաղված միսիոներ, Եսայանը նաև բարձրագույն կրթություն ստացած առաջին պոլսահայ կինն է եղել - tert.am): Հպարտ կլինեմ Ձեզ հյուրընկալել Թուրքիայում», - գրել է հայազգի պատգամավորը:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի ամենաշատ բնակչությունն ունեցող նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի 45-րդ վարչապետ է դարձել ավստրալահայ Գլեդիս Բերեջիկլյանը։










