Գերմանիայում 106 տարեկանում մահացել է ֆաշիստական գլխավոր քարոզիչ Գեբելսի քարտուղարուհին
Մյունխենում 106-ամյակից շաբաթներ անց կյանքից հեռացել է ֆաշիստական Գերմանիայի գլխավոր քարոզիչ, Ադոլֆ Հիտլերի ամենամտերիմ գաղափարակիցներից մեկի՝ Յոզեֆ Գեբելսի նախկին քարտուղարուհին՝ Բրունհիլդ Փոմսելը:
Ինչպես նշում է BBC-ն, աշխատանքի բերումով Փոմսելը սերտ կապի մեջ է եղել 20-րդ դարի ամենադաժան ռազմական հանցագործներից մեկի՝ Գեբելսի հետ:
Ի դեպ, նա նացիստական ռեժիմի աշխատակազմի վերջին ողջ ներկայացուցիչն էր, որը ռեժիմի տապալումից հետո պատմել է իր աշխատանքի մասին:
Վերջերս նկարահանված վավերագրական ֆիլմերից մեկում Փոմսելը պատմել է, որ Գեբելսի մոտ աշխատելու տարիներին ոչինչ չի իմացել ավելի քան 6 մլն հրեաների սպանության՝ Հոլոքոստի մասին:
Փոմսելի խոսքով՝ ինքն ուղղակի մեքենագրուհի էր և շատ քիչ բան գիտեր նացիստական ռեժիմի չարագործությունների մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Երկրորդ աշխարհամարտի վերջում Փոմսելը գերեվարվել է խորհրդային բանակի կողմից ու 5 տարի անցկացրել անազատության մեջ: Այնուհետև նա աշխատանքի է անցել գերմանական հեռուստատեսությունում, որտեղ աշխատել է 20 տարի:
Նշվում է, որ գերմանուհին Գեբելսի հետ աշխատելու մասին պատմել է միայն 2011թ.:










