Չեչնիայում հատուկ գործողության ընթացքում 3 գրոհային է սպանվել
Չեչնիայի Շալի քաղաքում հաջողվել է ոչնչացնել երեք գրոհայինի, այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, գրում է ТАСС գործակալությունը:
Կադիրովը, մասնավորապես, հայտնել է, որ Շալի քաղաքում անվտանգության աշխատակիցները նկատել են կասկածելի անձանց, որոնք ի պատասխան փաստաթղթեր ներկայացնելու պահանջին՝ կրակ են բացել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ ու նռնակ նետել: Բախման ընթացքում ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել ահաբեկիչներին, որոնց հեռակա ղեկավարել է Սիրիայում գտնվող և ծնունդով Շալիից Մոհամմեդ Ռաշիդովը:
Վերջինս երեք տարի առաջ անդամագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և Չեչնիայում համացանցի միջոցով ծայրահեղական քարոզչություն է իրականացրել երիտասարդների շրջանում՝ դրդելով նրանց սպանել տարբեր պաշտոնյաների և հոգևորականների:
Կադիրովը նաև հայտնել է, որ գործողության ընթացքում զոհվել է անվտանգության երեք աշխատակից: Չեչնիայի ղեկավարը, հայտնելով իր ցավակցությունը նրանց ընտանիքներին, խոստացել է, որ վերջիններիս կցուցաբերվի անհրաժեշտ ամեն տեսակի օգնություն:










