«ՀՀԿ-ն է ինձանից հեռացել, ես չեմ հեռացել». Վարդան Ղուկասյանը կառաջադրի թեկնածությունը «Ծառուկյան դաշինքով»
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Tert.am-ի զրույցում հաստատեց տեղեկությունը, որ պատրաստվում է առաջադրել թեկնածությունը «Ծառուկյան դաշինքով»:
«Այո, այո որոշում կայացրել եմ, առաջադրվում եմ Ծառուկյան դաշինքի կողմից ռեյտինգային ցուցակով»,-ասաց Ղուկասյանը՝ հավելելով, թե կուսակցական չի դառնում. «Դաժե մի տեղ էլ մտնեմ կուսակցության մեջ, էլի կուսակցական չեմ, ես հոգեպես կուսակցական չեմ, հասկացա՞ր, ես ժողովրդական եմ»:
Հարցին, թե այսպիսով՝ լքո՞ւմ է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, Ղուկասյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն է ինձանից հեռացել, ես չեմ հեռացել: 5 տարի առաջ, ինչքան ես գիտեմ, դուրս եմ եկել, իսկ եթե դիմումս էդպես չի ներկայացված, ես հիմա նորից կգրեմ դիմում, ի՞նչ խնդիր կա, կարևորն իմ որոշումն է»:
Ղուկասյանը հիշեցրեց, որ վաղուց է ասել, որ «հոգեպես» կուսակցական չէ. «Ես ավելի հոգևորին եմ մոտ, քան կուսակցական գաղափարախոսություններին։ Եվ հիմա, եթե կուսակցությունն ինձանից հեռացել է, ես էլ ասում եմ՝ մնաք բարով, հաջողություն: 5 տարի է՝ կուսակցության հետ ոչ մի կապ չունեմ»:
Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ ինքը երիտասարդ ու շատ գիտակ մարդ է ու շատերից լավ կարող է շատ բան անել. «Առաջադրվում եմ, որ ինչ որ եղել եմ էն տարիներին, նույնը կրկնեմ, ես երիտասարդ, շատ գիտակ մարդ եմ, ժողովուրդն ինձ հարգում է, ես կարող եմ շատ բան անել շատ շատերից լավ»:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ որոշ քրեական գործեր կարող են վերաբացվել, Գյումրու նախկին քաղաքապետը պատասխանեց. «Ինձ մի վախեցրա, քրեական գործերի հետ, ինչ-որ արել են մեզ հետ կապված, բոլորը էդ պատիժները կրել են»:










