Եմենում ամերիկացի զինծառայող է զոհվել, և «Ալ-Կաիդայի» 14 գրոհային է սպանվել

00:00 • 30.01.17

Ամերիկյան ռազմական հրամանատարությունը հայտնել է, որ Եմենում հատուկ ջոկատայինների վայրէջքի պահին ԱՄՆ զինծառայող է զոհվել, ևս երեքը վիրավորվել են:

Ինչպես հայտնում է BBC-ն, հատուկջոկատայինները Եմենում մասնակցում են «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի դեմ իրականացվող ռազմարշավին: Զինվորականների տեղեկացմամբ` 45 րոպե տևած մարտի ժամանակ 14 գրոհային է սպանվել, որոնց թվում` ահաբեկչական ցանցի երեք անդամ:

Նշվում է, որ ռազմարշավին մասնակցող ամերիկյան ինքնաթիռներից մեկը կոշտ վայրէջք է կատարել, որի հետևանքով մի քանի մարդ է տուժել: Ռազմական գործողություններին մասնակցել են հարվածային ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերը:

Ավելի վաղ տեղի աղբյուրները հայտարարել էին, որ 41 գրոհային է սպանվել, ինչպես նաև 16 խաղաղ բնակիչ: Տեղի պաշտոնյայի խոսքով` ուղղաթիռները հարվածներ են հասցրել հիվանդանոցի, դպրոցի և մզկիթների ուղղությամբ: