Վերականգնվել է Հալեպի հարավում գտնվող գազավերամշակման գործարանի աշխատանքը
Հալեպի ազատագրումից հետո կյանքը քաղաքում աշխուժանում և ընկնում է բնականոն հունի մեջ. էլեկտրաէներգիայի, ինտերնետի և ջրի մատակարարման վերականգնումից հետո այժմ էլ վերականգնվել է Հալեպի հարավում գտնվող գազավերամշակման գործարանի աշխատանքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ Ռամուս շրջանում գտնվող գործարանը մեծապես տուժել էր 6 ամիս առաջ ահաբեկիչների նախաձեռնած հարձակման ընթացքում:
Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ այժմ գործարանը փորձարկման ռեժիմով պատրաստվում է գազով լցնել մոտ 5000 գազի բալոն, ինչից հետո արտադրման ծավալները կրկնակի կավելանան, իսկ հետագայում անխափան աշխատանքի ծավալման դեպքում՝ գործարանը կգործարկվի իր ամբողջ հզորությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը։










