ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել Իրանի փորձարկած հրթիռների պատճառով

11:46 • 31.01.17

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեքշաբթի՝ հունվարի 31-ին, արտահերթ նիստ կանցկացնի Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումների առնչությամբ, գրում է Fox News-ը։


Շտապ խորհրդատվությունների մասին դիմումն ուղղել էր ԱՄՆ ներկայացուցիչը, երբ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը կոչ էր արել Անվտանգության խորհրդին արձագանքել։


Ինչպես հայտարարել է Դանոնը, Իրանի կողմից հունվարի 29-ին Սեմնան քաղաքի մոտակայքում հրթիռների արձակումը խախտում է ՄԱԿ-ի բանաձևերը, որոնք արգելում են Թեհրանին իրականացնել հրթիռների արձակում, որոնք կարող են միջուկային պոտենցիալ ունենալ։


«Միջազգային համայնքը չպետք է գլուխը մտցնի ավազի մեջ իրանական ագրեսիայի առաջ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անմիջապես պետք է գործողություններ ձեռնարկեն ի պատասխան Իրանի պահվածքի, որը վտանգի է ենթարկում ոչ միայն Իսրայելը, այլև ամբողջ Մերձավոր Արևելքը»,- կարծում է Դանոնը։


Թեհրանում հայտարարել են, որ իրանական հրթիռները երբեք չեն զինվելու միջուկային մարտագլխիկներով։ Բացի այդ, Իրանի պաշտոնատար անձինք պնդում են, որ մտադիր չեն միջուկային զենք զարգացնել։